Home / Հայաստան / ՀՀ ՊՆ-ն չի խանգարի միջանկյալ գոտուց հանել ադրբեջանցի հովիվի դին

ՀՀ ՊՆ-ն չի խանգարի միջանկյալ գոտուց հանել ադրբեջանցի հովիվի դին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը երաշխավորում է, որ ադրբեջանական կողմին չի խանգարի միջանկյալ գոտուց հանել ականի վրա պայթած ադրբեջանցու դին: Այս մասին այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե տեխնիկապես հնարավոր է ու ադրբեջանական կողմը կարողանում է մուտք գործել, ապա միջանկյալ տարածքից կարող է հանել դիակը, եթե, իհարկե, նման  միջադեպ գրանցվել է: Եթե մարդկային վերաբերմունքի խնդիր կա և դիակ են ուզում հանել, մենք որևէ գործողություն այդ ուղղությամբ չենք իրականացնի», – եզրափակել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, հոկտեմբերի 6-ին Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի հովիվ Ալի Ալիևը անասուններին արածեցնելու ժամանակ պայթել է ականի վրա հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում՝ Ոսկեպար գյուղի մոտ: