Home / Հայաստան / Ինչպես Ադրբեջանում չնկատեցին «Գուգարք» վեպը

Ինչպես Ադրբեջանում չնկատեցին «Գուգարք» վեպը

Նիկոլայ Չեռնիշևսկին իր հայտնի՝ «Ռուսաստանցի մարդը rendez-vous-ի ժամանակ» հոդվածում, վերլուծելով Իվան Տուրգենևի «Ասյա» վիպակը, եզրակացրել է, որ 19-րդ դարի կեսերի տղամարդը բարոյապես անկարող է, վճռական գործողությունների անընդունակ, ներքին թերարժեքություն ունի (իսկ վճռականություն սպասում էին հենց այդ տղամարդուց): Դրա հիման վրա՝ Չեռնիշևսկին անկողմնակալ վճիռ է կայացնում թե՛ տղամարդկանց այդ տեսակը խրախուսող հասարակության, թե՛ այդպիսի հասարակություն մշակող իշխանության վերաբերյալ:

Սեյմուր Բայջանի՝ վերջերս ռուսերեն լեզվով լույս տեսած «Գուգարք» գիրքը կարդալիս հնարավոր չէ չհիշել Չեռնիշևսկուն (Բայջանի գրքի ռուսերեն թարգմանությունը՝ Ֆերիջան Էրենի): Վեպի համառոտ սյուժեն հետևյալն է. ադրբեջանցի գրող ու հասարակական գործիչ Սեյմուրը գնում է Հայաստան՝ Գուգարք երիտասարդական ճամբարում կոնֆերանսին մասնակցելու, ու սիրահարվում հայ աղջկան՝ Անուշին, ով նրան փոխադարձ սիրով է պատասխանում: Սեյմուրը վերադառնում է Բաքու, ու մի քանի ամսվա նամակագրությունից հետո, ընդհատում է հարաբերությունները, որոնք շարունակվելու համար նրանից վճռական գործողություններ են պահանջվում, ինչպես, օրինակ, բնակավայրի փոփոխություն, ընտանիքին ու ընկերներին նոր պարզաբանումների ներկայացում՝ ղարաբաղյան հակամարտության մեջ իր դիրքի մասին: Այսինքն, նրա սերը մահանում է, երբ խոչընդոտների է բախվում:

Ինչպես նախկինում Նիկոլայ Գավրիլովիչ Չեռնիշևսկու, այնպես էլ հիմա «Գուգարքի» ընթերցողի մոտ հարց է առաջանում՝ իսկ սեր եղե՞լ է: Հեղինակը, կարծես, այդ հարցին պատասխանում է վեպի հենց առաջին տողերում՝ «Գուգարքում անցկացրած օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: (…) Ու ընդհանրապես, կյանքս բաժանվում է երկու ժամանկաշրջանի՝ Գուգարքից առաջ և հետո»: Ճիշտ է՝ վեպում բացահայտ ավանդական խոստովանություն առկա չէ, բայց այն լի է գաղտնի, անուղղակի խոստովանություններով: Թբիլիսիում առատ գինարբուքներից հետո՝ Սեյմուրը զանգահարում է Անուշին. «Հեռախոսագիծը շատ վատ էր աշխատում: Ես՝ ալկոհոլի ազդեցության տակ, ասացի. «Անուշ, ես քեզ կյանքիցս շատ եմ սիրում»: Ընթերցողն այդպես էլ չի պարզում՝ արդյոք Սեյմուրն ալկոհոլի ազդեցության տակ իր իրական զգացմունքնե՞րն է խոստովանում, թե՞ դրանք չափազանցնում է՝ խմիչքի պատճառով:

Բայց, անգամ եթե խմիչքը նպաստել էր զգացմունքների չափացանցմանը, ապա հերոսն ավելի ուժեղ զգացմունքերի ամեն դեպքում ի վիճակի չէ: Վեպը, համենդայնդեպս, հիմքեր չի տալիս ենթադրելու, որ նա նախկինում երբևէ ինքնամոռաց կիրք է ապրել: Սեյմուրը հիշում է մեկ այլ աղջկա՝ Գալյայի հետ Ակտոբեում անցկացրաց 40 օրերի մասին: «Ժամը 7-ին Գալյան աշխատանքից տուն էր վերադառնում: Մենք սուրճ էինք խմում ու գնում անկողին: Հետո գնում էինք ռեստորան կամ կինոթատրոն: Այդպես ես 40 օր ու 40 գիշեր երջանիկ ապրեցի: Ամեն մարդու չէ բաժին ընկնում 40 օր ապրել երջանկության մեջ: Դրանից հետո Գալյային ուղարկեցին հանգստի Կ. քաղաք, իսկ ես վերադարձա Բաքու: Մենք այլևս չենք հանդիպել»: Ու, հավանաբար, նամակագրություն էլ չեն պահպանել, քանի որ Գալյան վեպում ալևս չի հիշվում:

Անուշի հանդեպ զգացմունքներ, ամենայն հավանականությամբ, ուներ, բայց դրանց հիման վրա գործելու կարողություն չուներ: Անգամ ինքը՝ Սեյմուրն այդ մասին գիտի: «Իմ սերը ոչ մեկին երջանկություն չբերեց: Ես սիրում էի ինքս ինձ ու իմ հաճույքի համար: Նրանց զգացմուքները, ուրախությունն ու տառապանքները ագահորեն կուլ տալով՝ ես ընդամենն ապահուվում էի հոգուս տարօրինակ կարիքը»,- նա գրում է հայ աղջկան ուղղված վերջին նամակում, որը խիստ հիշեցնում  է Պեչորինի խոստովանությունն իր օրագրում: Ի տարբերություն Պեչորինի, սակայն, Սեյմուրն աղջիկներին ու կանանց չի գերում, չի հետապնդում, նրանց ծաղիկ չի նվիրում, ու նախաձեռնությունը միշտ նրանց կողմից պետք է գա:

Արտաքսում դրախտից

Ի՞նչ է տեղի ունեցել այդ տարիների ընքացքում՝ ութսունականների վերջին-իննսունականների սկզբին, որ խախտել է հերոսի հոգեվիճակը, նրան անվճռական ու անկարող դարձրել: Սեյմուրը անկախության համար պայքարի ժամանակները նկարագրում է որպես ընդհանուր մոլուցք ու փորձում է այն տարածել ամբողջ Հարավային Կովկասի վրա՝ մեջբերելով հայաստանյան ու վրաստանյան աղբյուրները: Եվ, այնուամենայնիվ, նա համոզիչ է միայն Ադրբեջանի հարցում: Բանն այն է, որ Սեյմուրին ու հեղինակին ավելի մոտ, ավելի հայտնի ու հասկանալի են այդ «մոլուցքների» ադրբեջանական տեսակները: Իր վճիռը կայացնելու համար նա ավելի շատ ադրբեջանական ապացույցներ ունի, ու դրանք ավելի ծանրակշիռ են: Սեյմուրի համար բեկումնային է ոչ թե հենց անկախությունը, այլ արտաքսումը «ռայոնից» (նկատի ունի շրջկենտրոնը), որտեղ անցել էր նրա մանկությունը: Պետք է նշել, որ Սեյմուրի համար դրախտ էր ոչ միայն վայրը՝ շրջկենտրոնը, այլ նաև ժամանակը՝ Խորհրդային միությունը, երբ խորհրդային զինվորները կարգի էին հրավիրում կատաղի ամբոխն ու ադրբեջանցի երեխաների ընկերներն էին: Խորհրդային դրախտի ուղղությունը թեև առկա է վեպում, սակայն հետագայում լիարժեք զարգացում չի ստանում ու հեղինակի համար առաջնային նշանակություն չունի:

Շրջկենտրոնից (խորհրդային մանկությունից) արտաքսումը խորհրդանշում է արտաքսումը դրախտից, որից հետո նրա ամբողջ հետագա կյանքը լցվում է կարոտով, quod ante վիճակին վերադառնալու ցանկությամբ, ու գիտակցությամբ, որ այդ վերադարձն անհնար է, ու, հավանաբար, անցանկալի: Այդ կարոտը ճնշում է հերոսի կամքն ու նրան մղում անտարբերության:

Կույսի աշտարակ

«Գուգարքը» կարդալիս դժվար է չհիշել մեկ այլ վեպ՝ երկու հարևան երկրների ներկայացուցիչների սիրո մասին: Դա Ալեքպեր Ալիևի «Արտուշ և Զաուր» վեպն է: Միմյանց սիրող երկու երիտասարդ տղաները փորձում են ազատվել իրենց՝ իրար չափազանց նման ժողովուրդների պայմանականություններից, ու այդ փորձը նրանց համար ավարտվում է ցատկով Բաքվի Կույսի աշտարակից: Նրանց սերն ու մահը մեղադրական վճիռ է այն հասարակությանը, որտեղ նրանք ապրում ու մահանում են: Միևնույն ժամանակ, դա հենց այն նույն թուլության դրսևորումն է, որով տառապում է Սեյմուրը՝ նրանք կարող են մահանալ, բայց ի վիճակի չեն փոխել իրենց կյանքը: «Գուգարքում» նույնպես կա Կույսի աշտարակից իրականացվող ինքնասպանության տեսարան:

Սեյմուրը, կարծես, իր վրա փորձում է այդ ցատկը, ու դրանից հրաժարվում: Ու դա Սեյմուրի ու Սեյմուր Բայջանի միջև ամենամեծ նմանությունն է՝ նրանք ապրում են, որպեսզի այդ ամենը նկարագրեն:

Սկանդալ, որը տեղի չունեցավ

Սեյմուր Բայջանն ադրբեջանցուն հրավիրեց  ռանդեվուի, բայց նա փորձությանը չդիմացավ. պարզվեց, որ նա հասարակական իմպոտենտ է՝ արատավոր ու անվճռական: Մեղադրական վճիռ է ներկայացվում թե հերոսին, և թե նրան կերտած հասարակությանը: Վեպը պետք է սկանդալ բարձրացներ, սակայն մեղադրյալները ոչ մեղադրական եզրակացությունը նկատեցին, ոչ մեղքի ապացույցները, ոչ էլ անգամ փաստաբանի ելույթը: Ադրբեջանական հասարակությունը վեպը չնկատեց: Ու դա ևս մեկ անգամ ապացուցում է հեղինակի իրավացիությունն ու մեղադրանքի արդարությունը:

Հեղինակ՝ ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորևս (լուսանկարում):

Հոդվածի բնօրինակը՝ Kultura.az կայքում