«Ժառանգություն» կուսակցությունը երեկ նամակ է ուղարկել ԵԽԽՎ՝ համապատասխան բողոքարկման գործընթաց սկսելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման դեմ: Վերջինս երեկ նոր կարգ է ստորագրել, որից հետո ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից հանել է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ նրան փոխարինելով ՕԵկ ներկայացուցիչով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Փոստանջյանը խիստ վիրավորվել էր՝ նշելով, որ ԱԺ նախագահի հետ խորհրադակցության ընթացքում, երբ կայացվել է իրեն պատվիրակության կազմից հանելու որոշումը, մյուս խմբակցությունները չեն պաշտպանել իրեն, այլ ողջունել են իշխանության որոշումը:
«Որևէ հարկադրում չեղավ: Մարդիկ, ովքեր պաշտոնապես իշխանություն չեն ներկայացնում, այսօր աջակցեցին իշխանության որոշմանը և ԵԽԽՎ պատվիրակության կազմը համալրվեց ևս մեկ իշխանական անդամով: Վճռորոշ պահերին մենք հասկանում ենք, որ նրանք ներկայացնում են ոչ թե ընդդիմադիր կեցվածք, այլ ուղղակի կցված են ՀՀԿ-ին և աջակցում են իշխանություններին: Ցավալի է», – ասել է Փոստանջյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, որ պատվիրակությունների ձևավորման կարգը միանգամյան համահունչ է ԵԽԽՎ կանոնադրությանը և միջազգային նորմի որևէ խախտում այնտեղ չկա:
Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանն էլ հետևյալ կարծիքն է հայտնել:
«Հանրապետականները հիմա այդ փաստարկը բերում են, ասում են՝ 8 հոգի են ԵԽԽՎ-ի պատվիրակության մեջ, ուրեմն 5-ը պետք է լինեն Հանրապետականից, որովհետև մենք ունենք բացարձակ մեծամասնություն: Ուրեմն եթե մենք ընդամենը երեք հոգի ունենք այդ պատվիրակության մեջ, պատկերացրեք ինչ զիջումների ենք գնացել, ինչ ժողովրդավար ենք, ինչքան արդար ենք: Զուտ ֆորմալ առումով կարծես թե արդար պահվածք է և արդար մոտեցում: Բայց նորից եմ ասում, մենք գիտենք, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ընտրությունները կեղծվել են: Հիմա դրանից հետո խոսել պատվիրակությունների արդար կազմավորման սկզբունքների մասին, կարծում եմ, ավելորդ է»: