Home / Հայաստան / Հայաստանը կրկին հիշատակված չէ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում

Հայաստանը կրկին հիշատակված չէ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կրկին անգամ Հայաստանը չի ընդգրկել իր կողմից ֆինանավորվող երկրների շարքում, տեղեկացնում է «168 ժամ» պարբերականը։

Թերթը հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն։ Վարչապետը նշել էր, որ Հայաստանի թույլ կողմն էր համարվում կոռուպցիոն ռիսկերը, սակայն այդ առումով էլ երկիրն առաջընթաց է արձանագրել։

«168 ժամ»-ի փոխանցմամբ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան երեկ կատարել է իր ընտրությունը։ Աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ Լեսոթոն այս տարի հաջողությամբ ավարտել է նախկին 363 մլն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիրը, որն օգնել է ընդլայնել կենցաղային և արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրամատակարարումը, ամրապնդել երկրի առողջապահական համակարգը և վերացնել ներդրումներ կատարելու ճանապարհին առկա շատ խոչընդոտներ։

«ՀՄԿ խորհուրդը նաև որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել և վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկոյի, Նիգերիայի և Տանզանիայի հետ՝ այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար։ Հայաստանի անունը չի էլ հիշատակվում ՀՄԿ հաղորդագրությունում», – գրում է թերթը։

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2006 թվականին` ԱՄՆ Պետդեպի ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը կասեցվել է 2011-ի աշնանը: ԱՄՆ-ն պատճառաբանել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները և հետագա զարգացումները լուրջ հարված են եղել Հայաստանում ժողովրդավարությանը: Հետագայում ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Հայաստանում մեծ են կոռուպցիոն ռիսկերը։ Ծրագրով ընդհանուր առմամբ ծախսվել է 177 միլիոն դոլար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում