Այն պահից, երբ Հայաստանը կտրուկ փոխել է իր արտաքին քաղաքական կուրսը և սրընթաց շարժվում է դեպի Մաքսային Միություն, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը լուրջ մտահոգություններ ունի, գրում է azatutyun.am կայքը:
Կայքը նշում է, որ այն պահից, երբ Հայաստանը շեղվեց եվրաինտեգրման իր ճանապարհից և Վիլնյուսում այդպես էլ չնախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը այդպես էլ չի հստակեցրել իր հետագա անելիքները ու թերևս դա է պատճառը, որ այսօր արդեն որոշ հասարակական կազմակերպություններ պարզապես կասեցրել են իրենց անդամակցությունը կառույցին: Այդ կազմակերպություններից է, օրինակ, Լևոն Բարսեղյանի գլխավորած «Ասպարեզ» հասարակական կազմակերպությունը։
Պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը (լուսանկարում) «Ազատության» հետ զրույցում ընդունել է, որ այս անորոշությունը ոչ մեկին էլ հաճելի չէ։
«Մարդկանց, իհարկե, անհրաժեշտ է կողմնորոշվել այս նոր իրավիճակում, և հիմնական դժվարությունը նաև պայմանավորված է նրանով, որ պաշտոնական մակարդակով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ձևաչափը և բովանդակությունը հստակեցված չէ։ Իսկ եթե այն հստակեցված չէ, ապա ինչի՞ն ենք մենք աջակցում կամ չենք աջակցո՞ւմ՝ լինելով Արևելյան գործընկերության ինստիտուցիոնալ մասնակից»,- ասել է Նավասարդյանը։
Պլատֆորմի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ներկա մարտահրավերների և պլատֆորմի մոտեցումների միջև լուրջ շեղումներ կան: Ըստ իրավապաշտպանի՝ պլատֆորմը հանգիստ վիճակից պետք է փոխել ավելի ակտիվ վիճակի, հակառակ դեպքում այն կդառնա անիմաստ կառույց:
«Մենք ուզում շատ ավելի ճկուն լինի, շատ ավելի ակտիվ ու սկզբունքային դիրքորոշումներ [հայտնի,] և նաև իշխանության առջև պահանջներ դնելու տեսակետից՝ ընդհուպ մինչև իշխանությունների հրաժարականի պահանջը պետք է լինի օրակարգում, որովհետև, ըստ էության, անիմաստ է դառնում մի պլատֆորմի գոյությունը երկրում, որը սրընթաց գնում է ՄՄ-ին անդամագրվելու։ Այս պարագայում այն չի կարող տեսական, վիրտուալ կառույց լինել»,- ասել է Սաքունցը։
Պլատֆորմի ազգային համակարգող Նավասարդյանը նույնպես կարծում է, որ եկել է ավելի ակտիվ գործելու ժամանակ․ սակայն դեռ գործուղումների պլանը, ռազմավարությունը հստակեցում է:
«Մինչև դա չհստակեցնենք, բնականաբար, մենք կարող ենք մասնակցել տարբեր ակցիաների որպես առանձին կազմակերպություններ կամ անհատներ։ Պլատֆորմի ինստիտուցիոնալ մասնակցությունը ենթադրում է համապատասխան որոշում, որը հուսով եմ, մոտակա շաբաթների ընթացքում կորոշվի»,- ասել է նա։