Home / Հայաստան / Սևանա լճի մասին օրինագիծը խնդրահարույց է․ պատգամավոր

Սևանա լճի մասին օրինագիծը խնդրահարույց է․ պատգամավոր

Սևանա լճի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որը կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողով, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Օրինագծի առնչությամբ երեկ նման հայտարարություն է արել ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը։

«Հաշվի առնելով ոլորտի մասնագետների և բնապահպանների կարծիքները` նշված փոփոխությունը կհանգեցնի Սևանա լճի մակարդակի բացասական բալանսի, որը, իր հերթին, հակասում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքին: Նման խնդիր առաջացել է դեռևս 2008 և 2012 թվականներին, երբ հանրապետության տարածքում երաշտ էր: Դրա լուծման նպատակով հավելյալ ջուր է բաց թողնվել Սևանա լճից` այն հասցնելով մոտ 320 մլն խմ: Այսինքն կառավարությունը ունենալով բավական երկար ժամանակահատված` կոնկրետ գործողություններ չի իրականացրել լրացուցիչ ջրամբարներ կառուցելու նպատակով և այսօր օրենսդրին կանգնեցնում է այն փաստի առաջ, որ Արմավիրի մարզի շուրջ 30 համայնքի 8000 հա հողատարածք հնարավոր չէ ոռոգել առանց լրացուցիչ ջրի բացթողման: Իհարկե, մենք օգնել ենք և պարտավոր ենք օգնել գյուղացուն ոռոգման հարցում, սակայն պետք չէ մոռանալ նաև, որ հարցի մյուս կողմում դրված է Սևանա լճի պահպանման և վերարտադրման խնդիրը, որը ամրագրված է 2001 թվականի Սևանա լճի մասին ՀՀ օրենքով:

Անհասկանալի է նաև կառավարության այն մոտեցումը, որ նախագծով նախատեսվում է փոփոխությունը սահմանել 5 տարի ժամանակահատվածով, երբ նրանք մեզ հավաստիացնում են, որ լրացուցիչ ջրանբարների կառուցման հարցը կլուծվի մոտ 1-2 տարվա ընթացքում:

Այս ամենից ելնելով` օրենսդիրը չի տեսնում հստակ երաշխիքներ, որ այդ 5 տարվա ընթացքում կլուծվեն լրացուցիչ ջրամբարների կառուցման հարցերը և Սևանն այլևս չի դիտարկվի որպես ջրամբար, քանի որ Սևանը համարվում է կենդանի օրգանիզմ և ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր երկրի համար:

Խնդրի լուծման ևս մեկ եղանակ պետք է դիտարկել Արարատյան դաշտի մոտ 1,5 մլրդ խմ արտեզյան ջրերի հավաքումը մեր երկրում, որը ձկնաբուծարանների կողմից օգտագործվելուց հետո, հոսում է երկրի սահմաններից դուրս: Այդպիսով լուծում կտրվի հողատարածքների ոռոգման խնդիրներին, և այլևս Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու կարիք չի լինի», – նշել է Ավետիսյանը: