Այս տարվա փետրվարին Կիևի Մայդանում մարդկանց գնդակահարած դիպուկահարները Ուկրաինայի Անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ են։ Բացառիկ նյութերի հիման վրա անցկացրած սեփական հետաքննության արդյունքում՝ նման եզրակացության են եկել ամերիկյան The Daily Beast պարբերականի լրագրողները, հայտնում է «Էխո Մոսկվին»։
Հեղինակի խոսքով՝ պարբերականի տրամադրության տակ գտնվող եզակի լուսանկարներն ու 90 գիգաբայթ տեսագրություններն ապացուցում են, որ Մայդանում տեղի ունեցած կոտորածը, իրականում, պատվիրված էր Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռուսամետ ռեժիմի կողմից։
Հոդվածն ուղեկցող լուսանկարներում պատկերված են «Ալֆա» հատուկ խմբի զինյալները՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության գրասենյակի բակում, որը Կիևի Անկախության հրապարակից ընդամենը 3 փողոց հեռավորության վրա է գտնվում։ Պարբերականը պնդում է, որ այս լուսանկարներն ու տեսանյութերը ստացել է տեղի բնակիչներից, որոնք Ուկրաինայի քաղաքական ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Նկարահանումները տեղի են ունեցել փետրվարի 20-ի առավոտից մինչև կեսօր, երբ Մայդանում ավելի քան 50 ցուցարար է սպանվել։
Պարբերականը նշում է, որ հատուկջոկատայինները բակից հեռանում ու վերադառնում էին՝ կրակոցներին զուգահեռ։ Միևնույն ժամանակ, ըստ հեղինակի, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը գործում էր ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ համատեղ, իսկ «Ալֆա»-ի զինյալներին մարզում էին ՌԴ ԱԴԾ մարզիչները։
Հոդվածի հեղինակը նշում է, որ լուսանկարների վրա երևում է՝ բոլոր զինյալները դեղին թևկապեր են կրում, որպեսզի կարողանան միմյանց տարանջատել Մայդանի մյուս ուժայիններից։
Նշենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսական առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ մարդկանց ուղղությամբ կրակած դիպուկահարները ենթարկվում էին ուկրաինական «Աջ հատված» շարժման հրահանգներին։
Ուկրաինայի իշխանությունները, իրենց հերթին, հայտնում են, որ արդեն հինգշաբթի հայտնի կլինեն Կիևում տեղի ունեցած սպանությունների գործով հետաքննության նախնական արդյունքները։
Լուսանկարները՝ thedailybeast.com-ի