«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռևս չի վճարել ընկերության նախկին աշխատակիցների աշխատավարձերը։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, Բաղդասարովը «շարունակում է փող հայթհայթելու» գործընթացը։
Թերթի հետ զրույցում «Արմավիա»-ի ֆինանսական գծով տնօրեն Հրայր Սահակյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ աշխատավարձերի մասով նորություն չկա։
«Ես կարող եմ ասել, որ ղեկավարությունը տեղյակ է ու աշխատում է այդ ուղղությամբ, որ գումարներ արագ հայթհայթվեն և բոլոր պարտավորությունները փակվեն, առաջնահերթ, բնականաբար, աշխատավարձերը», – ասել է Սահակյանը։
Նախկին աշխատակիցների խոսքով՝ Բաղդասարովի հաշվեհամարին այս պահին դրությամբ «ոչ մի կոպեկ» չկա, որպեսզի հնարավոր լինի գումարը բռնագանձել։
Նշենք, որ «Արմավիան» դադարեցրել է իր գործունեությունը նախորդ տարվա մարտին։ Ընկերությունը հարկային պարտավորություններ ունի պետության նկատմամբ, աշխատակիցների առջև՝ աշխատավարձերի մասով, ինչպես նաև չիրականացված չվերթների վաճառված տոմսերի գումարի հետվերադարձի խնդիր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում