Հետևելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի օրինակին, ով ՀՀԿ համագումարին խոսել է «դասական երկբևեռ քաղաքական համակարգ» ստեղծելու մասին, նույն կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյաը Աժ-ում այսօր հայտարարել է, որ այդ համակարգն արդեն ձևավորվել է։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ այժմյան իրավիճակը չես կարող համեմատել 10 տարի առաջ տիրող վիճակի հետ։
«10 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ընտրական հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր անդամ կլինի, 10 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ԱԺ-ի ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր ելույթ կունենա, կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
Epress.am-ի այն դիտարկմանը, թե ինչ նշանակություն ունի պատգամավոր պատգամավորի օրինագիծը ներկայացնելը, եթե մինչ օրս ընդդիմիության որևէ օրինագիծ չի ընդունվել, Հարությունյանը պատասխանել է․
«Դուք արդեն այլ բանի մասին եք խոսում, որը ժողովրդավարություն չէ, այլ կոչվում է փոքրամասնության դիկտատուրա մեծամասնության վրա: Ընդդիմությունը պետք է մեզ համոզի, որ իր նախագիծը լավն է, որ այն դառնա նաև մեծամասնության նախագիծը: Սակայն հանձնաժողովի մակարդակում ներկայացնելն այլ է, ԱԺ ամբիոնից ներկայացնելը՝ այլ բան»:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, Epress.am-ի հետ զրույցում երկբևեռ քաղաքական դաշտի մասին հարցին անդրադառնալով, ասել է, որ Հայաստանում միաբևեռ համակարգ է, քանի որ նույնիսկ քառյակը (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն) միայն հոգեբանական դեր են կարողանում խաղալ:
«Կյանքը չի սահմանափակվում խորհրդարանում, պրոցեսները գնում են նաև խորհրդարանից դուրս։ Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց խնդիրներով հետաքրքված ուժեր կան, իրենց շարժումը ևս ուժեղանում, ակտիվանում է: Եթե ոչինչ չանենք, Հանրապետական կուսակցությունը կարող է 200 տարի իշխել», – ասել է Բաբայանը:
Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորի գործառույթն այսօր՝ իշխանությանը հակակշռելն է, և դա առավելագույնն է, որ կարելի է անել:
«Այլապես մենք կապրենք մեծ կեղծիքի մեջ: Օրենսդրական նախաձեռնությունը, չեմ կարող սուտ ասել, չի ստացվում: Մեր նախաձեռնությունները չեն անցնում», – ասել է պատգամավորը:
Անդրադառնալով խնդրին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ իսկ ո՞վ ասեց, որ համակարգը պետք է լինի երկբևեռ։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականների հայտարարությունները ցույց են տալիս, որ իր կանխատեսումը ճիշտ էր․ իշխող կուսակցությունը ցանկանում է քաղաքական իշխանությունը բաժանել երկու մասի և ամբողջը վերահսկել։
«Մեր խնդիրն է թույլ չտալը՝ քաղաքական դաշտը առնեն իրենց տիրապետության տակ։ Ցավոք սրտի, մեր շատ քաղաքական գործընկերներ ծառայում են այդ նպատակին՝ ուղղակի, թե անուղղակի, գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց փաստենք սա», – ասել է Փաշինյանը։