Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հերքել երկրում թեթև թմրամիջոցների, այդ թվում` մարիխուանայի օրինականացման մասին լուրերը, հայտնում է Georgia Online-ը։
«Հայտարարում եմ, որ երկրում մարիխուանայի օրինականացում տեղի չի ունենա։ Այդ հարցը չի դիտարկվելու։ Թեև մենք չենք բացառում, որ հնարավոր է վերանայվի, այսպես կոչված, «թեթև թմրամիջոցների» օգտագործման հետ կապված քրեական պատասխանատվության հարցը», – նշել է նախարարը։
Վերջին շրջանում երկրում մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել՝ մարիխուանայի օրինականացման պահանջով։
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեյենկոն հայտարարել էր, որ թմրամիջոցների ոլորտում քաղաքականությունը երկրում պետք է վերանայվի, իսկ մարիխուանայի օգտագործումը չպետք է հետապնդվի ոչ ադեկվատ խիստ միջոցներով։ Նախարարը, սակայն, նշել էր, որ օրենքի անհապաղ ընդունումը հավանական չէ։
Ներկայումս Վրաստանում կանեփի ու դրա ածանցյալների աճեցումն ու պահումը համարվում է քրեական հանցագործություն։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ թմրամիջոցների անօրինական պահպանումն ու փոխադրումը պատժվում է 10 տարվա ազատազրկմամբ։
Մինչ օրս մարիխուանան գրեթե ամբողջությամբ օրինականացվել է Հոլանդիայում, մասամբ՝ Կանադայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում և Իսրայելում, որտեղ թույլատրվում է դրա բժշկական կիրառումը։