Կողմերի դիրքորոշումների մեղմացումը, ոչ ֆորմալ կապի ընդլայնման արդյունքում ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջումներ փնտրելը Բաքվի շահերից չի բխում։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված «Ղարաբաղյան հակամարտության նոր ճակատը» հոդվածում գրում է դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Հոդվածը՝ թարգմանաբար․
– Մայիսի 12-ին լրացավ Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդությամբ հասած հրադադարի 20-ամյակը։ Այդ օրը նշում էին տարբեր երկրներում, թեև՝ տարբեր ձևերով։ Նշում էին անգամ Անգլիայում, որը բանակցային գործընթացը վերահսկող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ։ Ամենաքիչը նշում էին Ադրբեջանում․ պարտվելով 1991-1994 թթ․ պատերազմը՝ պաշտոնական Բաքուն հակված չէ գնահատել այն, որ հազարավոր ադրբեջանցիներ փրկվել են մահից ճակատում։ Այն չի ցանկանում ընդունել հրադադարի անժամկետ լինելն ու երբեմն հայտարարում է, որ ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ միայն դրա առաջին փուլը։
Իսկ 20-ամյակին ընդառաջ, Բաքվում նոր ճակատ բացվեց՝ ներքին․ երկիրը սկսեցին մաքրել հայտնի մարդկանցից, որոնք 100 տոկոսով չեն սատարում իշխանությունների ուժային քաղաքականությունը ԼՂ հակամարտությունում և անգամ իրենց թույլ են տալիս «ժողովրդական դիվանագիտությամբ» զբաղվել՝ անմիջական կապ պահպանելով հայերի հետ, որոնք նախագահի կողմից արդեն վաղուց դասվել են հավերժական թշնամիների թվին։
Իշխանությունները Թուրքիայից բռնի կերպով դուրս բերեցին ադրբեջանցի վերլուծաբան և լրագրող Ռաուֆ Միրկադիրովին՝ նրան մեղադրելով հայրենիքը դավաճանելու մեջ, բերման ենթարկեցին Յունուս ամուսիններին՝ հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսին և քաղաքագետ, պատմաբան Արիֆ Յունուսովին։
Բաքվի իշխանություններին չկանգնեցրեց նաև այն, որ ս․թ․ մայիսի 14-ից Ադրբեջանը ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, այսինքն, պետք է կես տարի այդ կազմակերպությունում առաջատար դեր խաղա։ Ինչպես ասել է պաշտոնյաներից մեկը, Բաքուն «ղեկավարելու է 47 երկիր»։ Այդ «ղեկավարը» հաշվի չի առել, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն իր գլխավոր նպատակներից մեկն է համարում։ Ի՞նչ օրինակ է Բաքուն ծառայում ԵԽ անդամների համար։ Ճիշտ է, ոչ առաջին անգամ ու, հավանաբար, ոչ վերջին։ Այդ առումով, Բաքուն վաղուց արդեն բոլորի ուշադրությունը գրավել է։
Խնդիրն իրականում այդ ձերբակալված անձանց արժանիքներն ու «հանցագործությունները» չեն։ Հարվածը նպատակ ունի ճնշել ինքնուրույն դատողությունները բարդագույն, դեռևս չկարգավորված հակամարտությունում, որը պահանջում է երկու ժողովուրդների դիմակայության, իշխանությունների կողմից սերմանված թշնամանքի ու ատելության հաղթահարում։
Ինչ վերաբերում է ճնշումների ենթարկվող անձանց, ինձ անհարմար է հանդես գալ որպես նրանց պաշտպան․ նրանցից յուրաքանչյուրի հետ բազմիցս թե անձամբ, թե հրապարակայնորեն առիթ է եղել վիճել ԼՂ հակամարտության կարգավորման կոնկրետ խնդիրների վերաբերյալ։ Բացի դա, Ռաուֆ Միրկադիրովի հոդվածներում, օրինակ, միշտ կային հարձակումներ, անգամ մեղադրանքներ Ռուսաստանի դեմ։ Այժմ խոսքն, այնուամենայնիվ, դրա մասին չէ։ Ակնհայտ է՝ փորձ է արվում խեղդել Հարավային Կովկասում լրջագույն հակամարտության կարգավորման կարևոր, անհրաժեշտ մի ալիք՝ «ժողովրդական դիվանագիտությունը», երկու հարևան ժողովուրդների, հատկապես, հասարակական գործիչներ և մտավորականների, ակտիվ լրագրողների և քաղաքագետների միջև անմիջական կապերը։
Կողմերի դիքորոշումների մեղմացումը, ոչ ֆորմալ կապի ընդլայնման արդյունքում հակամարտությունում փոխզիջումներ փնտրելն ամենևին էլ Բաքվի շահերից չի բխում։ Ընդհակառակը, իր «կացնային» քաղաքականությամբ, որն այդ անվանումն է ստացել ոչ միայն Սաֆարովի «հերոսության» համար, Բաքուն պետք է կտրի այդ կապերը։
Բաքվի առաջնորդները միայն խոսքերով են պայքարում փոփոխությունների, հակամարտության կարգավորման ստատուս-քվոյի վերացման համար, իսկ իրականում այն ամրապնդում են։ Դժվար չէ կռավել՝ ինչու։
Կա ևս մի երևույթ, որին արդեն սովորել ենք Ղարաբաղի վերաբերյալ հարցերում՝ ստի առատությունը։ Այսպես, Լեյլա Յունուսին ներկայացված պահանջներն ամրացնելու համար, նրան ներկայացնում են իբրև պահուստային գնդապետ, թեև նա անգամ կոչում չունի։ Հիշում եմ դեռ Էլչիբեյի ժամանակներից, որ նա չէր ծառայում, այլ ՊՆ-ում աշխատում էր որպես քաղաքացիական անձ։ Նրա կողմից կազմված քաղաբանտարկյալների ցուցակը ներկայացնում են իբրև «ահաբեկիչների, հայրենիքի դավաճանների, անջատողականների, կաշառակերների» ցուցակ։ Բայց դա էլ նորություն չէ։
Իսկ ինչպե՞ս պետք է առողջ դատողության տեր մարդիկ գնահատեն Բաքվի «իրավապահ» մարմինների գործողությունները՝ ձերբակալության հրամանի բացակայությունը, ամուսնական զույգին օդանավից իջեցնելը, տարեց կնոջը հոգնատանջ անելու մտադրությամբ բազմաժամյա հարցաքննությունները, խուզարկությունները, ցուցադրական վիրավորանքներն ու նվաստացումները, շարունակական սպառնալիքները, բժշկական օգնություն ցույց տալու մերժումը, Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրելը, և այլն։
Ժամանակը չէ՞ միանգամից, որպեսզի հետո ուշ չլինի, մարդու իրավունքներին անմիջականորեն վերաբերվող այս հարցերը ներկայացնել նաև Եվրոպայի «ղեկավարությանը» Ստրասբուրգում՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահին։