Գերմանիա-Հայաստան հանդիպման 71-րդ րոպեին, երբ Լուկաս Պոդոլսկին հաշիվը դարձրեց 2։1, էլ․փոստոսվ նամակ, sms հաղորդագրություն և հեռախոսազանգ ստացա երեք տարբեր ընկերներիցս, ովքեր կանխատեսեցին, որ հաշիվը խոշոր է լինելու։ Հանդիպման վերջում խաղը մեկնաբանող Էդուարդ Քալանթարյանը նշեց, որ այս դեպքում, գուցե, լավ կլիներ գնդակ չխփել նման կարգի մրցակցին չզայրացնելու համար։ Համոզված եմ՝ Հայաստանում շատերն էին այդպես մտածում ու խոսում, որովհետև այսօրվա Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև խաղում այլ կերպ, կարծես, լինել չէր կարող։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո անգամ պատրանքներ չկային․ տեմպի աննշան բարձրացում և ճնշում հայաստանցիների պաշտպանության աջ կողմի վրա, ու գոլերը կգրանցվեն մեկը մյուսի հետևից։ Այդպես էլ եղավ. այս խաղից հետո, որում պարտվեցինք 6։1 հաշվով, մենք պարզապես հերթական անգամ հասկացանք, թե որքան խորն են Հայաստանի ընտրանու կադրային խնդիրները։ 5 բաց թողած գնդակ վերջին 20 րոպեի ընթացքում՝ այս արդյունքն անընդունելի է անգամ գերմանական մեքենայի դեմ խաղում։
Իհարկե, խաղն ընկերական էր, իհարկե, մրցակիցն այն ավելի շատ էր կարևորում՝ Աշխարհի գավաթից առաջ, բայց իրականությունը չես թաքցնի՝ Հայաստանի հավաքականի մարզիչներն արդեն իսկ աշնանը պետք է լուծեն պաշտպանական համակարգի խնդիրները, այլապես Եվրո 2016-ն այդպես էլ երազանք կմնա։
Հայաստանի հավաքականի շվեյցարացի մարզիչ Բերնար Շալանդը ամեն ինչ տեսավ։ Թե մարզումային գործընթացի, թե խաղերի ժամանակ։ Տեսավ, որ թիմը կարող է 4 գնդակ խփել մեկ խաղում, գրավել Գերմանիայի հավաքականի կարգի թիմի դարպասը, բայցև 12 գնդակ բաց թողնել 3 ընկերական խաղերում։
Դա այն ամենն էր, ինչ մենք ունեինք նաև նախորդ մարզչի օրոք։ Եվ հիմա միայն մարզչի խնդիրն է կազմակերպել ու կարգավորել նման թիմի խաղը։ Պաշտպանությունում նոր անհատներ, որոնք կարող էին հավաքականի կազմում կտրուկ աճ ապահովել, չհայտնվեցին, և, գուցե, մարզիչը կցանկանա համակարգի փոփոխությամբ ինչ-որ բանի հասնել, այլապես ընկերական խաղերում առկա խնդիրներն իրենց արտացոլանքն են ստանալու նաև պաշտոնական հանդիպումներում։
Արմեն Մ․
Լուսանկարը՝ Picture Alliance