Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը, Կադաստրի կոմիտեից գնալով նախարարություն, իր հետ տարավ նաև իր ծառայողական Lexus LS 460 ներկայացուցչական դասի ավտոմեքենան: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նախկին նախարար Արմեն Մովսիսյանի արծաթափայլ ու ոչ այդքան բարձրակարգ Skoda Superb-ը Զախարյանը նախընտրեց փոխարինել իր հարազատ թանկարժեք Lexus-ով։ Սա, իհարկե, միանգամայն բնական է, սակայն ուշագրավն այն է, որ նորանշանակ նախարարի 011 LL 55 համարանիշով Lexus-ին մշտապես ուղեկցում է նաև 172 UU 01 պետհամարանիշով ևս մեկ ավտոմեքենա՝ արտաճանապարհային Nissan X-Trail»։
Թերթն ընդգծում է, որ այս համարանիշով մեքենաները պետական պահպանության ծառայությանն են, և հենց այսպիսի՝ UU 01 սերիայով նմանատիպ արտաճանապարհային մեքենաներ են ուղեկցում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահ, վարչապետ, Երևանի քաղաքապետ, ԱԳ նախարար և այլք, քանզի դրանք նախատեսված են պաշտոնյայի անվտանգության երաշխավորների՝ թիկնապահների համար: Իսկ այդպիսի պաշտոնյաներ Հայաստանում մի քանիսն են, որոնց, օրենքով սահմանված կարգով, կցվում են թիկնապահներ: Էներգետիկայի նախարարը, սակայն, պարբերականի տեղեկություններով, այդօրինակ VIP պաշտոնյաների ցանկում չէ։
«Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը որոշել նախագահի ու վարչապետի նման թիկնապահներով շրջել, ի՞նչ վտանգ է զգացել, որ հատուկ պաշտպանության կարիք է ունեցել: Այս հարցերն ենք փորձում պարզել շուրջ տասն օր: Սակայն մեր գրավոր հարցմանը հաջորդ օրն իսկ պատասխանեցին՝ նշելով, որ նախարարի մեքենան այժմ անսարք վիճակում է, վերանորոգման մեջ է, և մեր նշած մեքենան նրան ժամանակավոր է հատկացված: Կրկին կապվեցինք նախարարության մամուլի ծառայության հետ և տեղեկացրինք, որ խոսքը ոչ թե իր ծառայողական մեքենայի՝ Lexus-ի մասին է, այլ նախարարին ուղեկցող մեքենայի՝ Nissan-ի, որն անվտանգության աշխատակիցների համար է նախատեսված։
Մամուլի խոսնակը խոստացավ մեր հարցը կրկին փոխանցել նախարարին։ Պատասխանը, սակայն, ստացանք, ավելի քան 10 օր անց և նույնի կրկնությամբ․ մամուլի խոսնակն ասաց, որ նախարարն ավելացնելու ոչինչ չունի», – գրում է «Հրապարակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում