2014 թ. հունիսի 21-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված և հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված ՇՄԱԳ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին») օրենքն ընդունվել է կեղծիքներով և մասնավոր շահերի թելադրմամբ՝ հակասելով առողջ շրջակա միջավայրում ապրելու հանրային շահին: Այս մասին ասված է օրենքի մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչներ «Էկոդար» ՀԿ անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի և
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանի բաց նամակում, որն ուղղված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։
Նամակի հեղինակները նշում են, որ նոր օրենքը 1995 թվականին ընդունված օրենքից լրաջագույն հետընթաց է։ Բացի դա, աշխատանքային խմբի անդամները հիշեցնում են, որ մի խումբ հասարակական կառույցներ դիմել էին ՀՀ նախագահին` խնդրելով չստորագրել հակասություններով լի օրենքը և հետ վերադարձնել Ազգային ժողով, սակայն հուլիսի 23-ին այն ստորագրվել է:
«Օրինագծի ընդունման ֆորմալ գործընթացն ընթացել է կեղծիքներով, ինչի ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված օրենքի նախագծի պատմությունը: Այսպես, իրականում հունիսի 21-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվել մի նախագիծ, որն էապես տարբերվում է ՀՀ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված և ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած օրինագծից: Փաստաթղթի նոր տարբերակը նախապես չի հրապարակայնացվել և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված կարգով չի դրվել հանրային քննարկման», – ընդգծում են նամակի հեղինակները:
Նրանք, մասնավորապես, նշում են, որ օրինագծից հանվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում այլընտրանքային լուծումները դիտարկելու պահանջը։ Բացի դա, ըստ փորձագետների, օրենքում ավելացվել է հասարակության համար անընդունելի մի դրույթ, որը խառնաշփոթ է ստեղծում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատման մոտեցումներում և վտանգում դրանց արդյունավետությունը:
«Մասնավորապես, ավելացված դրույթի համաձայն փորձաքննության կարող են ներկայացվել ոչ թե գործունեության տեսակները, այլ այն սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան նախագծերը: Այլ կերպ ասած, այս նորամուծության հետևանքով փորձաքննության կարող է ներկայացվել ոչ թե Սևանա լճի ավազանում նախատեսվող հանքարդյունաբերական գործունեության նախագիծը, այլ, օրինակ՝ Սոթքի հանքավայրի ջարդիչ-տեսակավորող սարքը՝ որպես «որակի միջազգային ստանդարտին համապատասխանող սարքավորում»՝ առանց հաշվի առնելու, որ տվյալ սարքը պետք է աշխատի տարածաշրջանի խմելու ջրի ամենամեծ ջրամբարի ջրհավաք ավազանում՝ համապատասխան հնարավոր բացասական հետևանքներով: Նման մոտեցման պարագայում այլևս ամբողջովին անիմաստ են դառնում օրինագծի բոլոր, այդ թվում՝ հասարակության մասնակցության ապահովման, դրական գործընթացները», – հայտարարում են աշխատանքային խմբի անդամները:
Նրանք կարծիք են հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում պետք է անհապաղ փոփոխություններ և լրացումներ կատարվեն 2014թ. հունիսի 21-ի ՇՄԱԳ օրենքում՝ հաշվի առնելով վերոնշյալ մտահոգությունները:
«Սույն նամակով դիմում ենք նաև շահագրգիռ միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին՝ ի գիտություն ընդունելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման ընթացքում տեղ գտած կեղծարարությունը և հասարակական կառույցների մասնագիտական տեսակետների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը», – եզրափակում են ՄԱԿ-ին և Համաշխարհային բանկին ուղղված բաց նամակի հեղինակները: