Հայաստանի զինված ուժերն այսօր կորուստներ չեն ունեցել, իսկ Ադրբեջանում ձերբակալված Չինարի գյուղի բնակիչը քաղաքացիական անձ է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ երկրի Թովուզի շրջանում ձերբակալվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 25-ամյա Կարեն Պետրոսյանը։ Ըստ նախարարության՝ Պետրոսյանը հայ դիվերսիոն խմբի անդամ է եղել, իսկ խմբի մյուս անդամները՝ թվով 4 հոգի, սպանվել են։
Արծրուն Հովհաննիսյանը հերքել է, թե հայաստանյան կողմից դիվերսիոն ներթափանման փորձ է եղել և 4 զինծառայող զոհվել են։ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ Պաշտպանության նախարարությունը չի դիմելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, քանի որ Կարեն Պետրոսյանը զինծառայող չէ, դա կարող է անել, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինը։
Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել է, որ Պետրոսյանը 31 տարեկան է, Չինարիի բնակիչ է։
«Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ։ Դեռևս հայտնի չեն սահմանը անցնելու պատճառները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել», – նշել է Սաղոյանը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին Epress.am-ին ասել է, որ կազմակերպությունը առայժմ չի զբաղվում Պետրոսյանի գործով, քանի որ Հայաստանի կառավարությունից պաշտոնական խնդրանք չի ստացել։ Ամատունու խոսքով՝ Պետրոսյանի ընտանիքը ևս առայժմ չի դիմել իրենց։
Դիմումը ստանալուց հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է հանդիպում պահանջել Ադրբեջանում գտնվող Պետրոսյանի հետ։
Լուսանկարը՝ apa.az։ Համաձայն ադրբեջանական լրատավամիջոցի ձերբակալվածը Կարեն Պետրոսյանն է։