Իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է՝ օրենքից դուրս գտնվել: Այս մասին երեկ «Բազե 2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քառյակը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, թեժ աշուն է խոստանում, իսկ, մասնավորապես, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը պահանջում է իր հրաժարականը։
«Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը: Փառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա: Ինչ ասեմ, ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես իրենց դժգոհությունը, իրենց ցանկությունները հայտնելու բազմաթիվ ցույցեր են եղել Հայաստանում: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ իրենք կողմ են անօրինականությանը. իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք, ուղղակի, իրենց պատկերացումները տարբերվում են մեր պատկերացումներից», – ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ ընդդիմադիրները պետք է հստակորեն գիտակցեն, որ ամեն ինչը պետք է անեն օրենքի շրջանակներում:
«Իսկ կարո՞ղ եք ինձ ասել մի տարի, երբ չէին ասում, որ աշունը թեժ է լինելու: Միշտ էլ ասում են: Իրոք, դա այդպես է. ամռանը քաղաքական կյանքը մեռնում է, և աշնանը քաղաքական կյանքը ամառվա համեմատ շատ ավելի ակտիվ է լինում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչը չափի մեջ, դա մեր երկրի համար շատ լավ և՛ միտում է, և՛ իրականություն: Երկիրը պետք է զարգանա, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա: Այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Սակայն նորից եմ ասում՝ պետք է կռվեն գաղափարները և ոչ թե՝ ոստիկաններն ու ապստամբները», – նշել է Սարգսյանը: