Home / Հայաստան / «Գոմեշի մսի» գործով մեղադրյալը նախընտրում է լռել․ նախկինում նա խոսել էր գեներալի մասին․ «Ժողովուրդ»

«Գոմեշի մսի» գործով մեղադրյալը նախընտրում է լռել․ նախկինում նա խոսել էր գեներալի մասին․ «Ժողովուրդ»

ՀՀ ՊՆ-ին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու փաստի առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է միայն մսի մատակարար Ալբերտ Օհանջանյանը, թեև գործում ներգրավված են այլ անձինք, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի այն հարցին, թե ինչո՞ւ է միայն Օհանջանյանը պատասխան տալիս գոմեշի մսի գործով, չէ՞ որ նախկինում նա գեներալի անուն էր տվել, մեղադրյալը պատասխանել է․ «Ես լռում եմ ու եթե ինձ համար նպատակահարմար է, որ ես լռում եմ, ուրեմն դուք էլ լռեք»։

Օհանջանյանն ավելի վաղ թերթի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Արշալույս Փայտյանը (լուսանկարում) տեղյակ է եղել գոմեշի մսի պատմությունից։

Թերթը հիշեցնում է, որ 2012 թ․ բացահայտված «Գոմեշի մսի գործը» շուրջ 2 տարի քննությունից հետո դատարան է մտել կիսատ։ Այս գործով անցնում էր 5 անձ, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն գործարար Ալբերտ Օհանջանյանը։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 126․936․000 դրամի գույքային վնաս։

Դեռևս 2012 թվականի մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամասերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:

2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը:

2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էր գոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ shamshyan.com