1990֊ականներին հանդիպումներ եմ ունեցել նախկին Խորհրդային Միությունից ուսանողների հետ և ինձ զարմացրել էր, որ գրեթե բոլոր ուսանողների ծնողները համալսարանի շրջանավարտներ էին, թուրքական Todays' Zaman֊ում գրում է Անկարայի Իփեք համալսարանի պրոֆեսոր Զեքերիա Բաշքալը՝ իր հոդվածում համեմատության եզրեր անցկացնելով ներկայիս Թուրքիայի և ԽՍՀՄ կրթական համակարգերի միջև։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․
֊ Օրինակ, մայրը մանկաբույժ էր, հայրը՝ քիմիական արդյունաբերության ինժեներ, կամ, մայրը՝ նավթարդյունաբերության ինժեներ, հայրը՝ փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ։ Նախ, ես չէի կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր համակարգը, որն ի վիճակի էր կրթել նման մեծ թվով մարդկանց, փլուզվել։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրանք փորձում էին տպավորություն ստեղծել, թե մարդիկ կրթված էին՝ իրական կրթություն տրամադրելու փոխարեն։
Խորհրդային Միության փլուզումից հետո շատ ենք հանդիպել շինարարների, որոնք իրականում ինժեներն էին, դայակների, որոնք իրականում մանկաբույժներ էին։ Խորհրդային կրթական համակարգի դիպլոմները ճանաչվում էին միայն այդ համակարգի ներսում, ու երբ այդ սահմանափակ համակարգը փլուզվեց, այդ դիպլոմների տեր մարդիկ պարզապես գրաճանաչ էին, ոչ ավելին։ Մարդիկ, որոնք կարող էին իրենց աշխատանքը կատարել համակարգից դուրս, քիչ էին։ Կրթված մարդկանց հիմնական ցուցիչն այն է, որ նրանք պահանջված են ամենուր։ Կրթված մարդը նա է, ով պատրաստ է իր աշխատանքը կատարել աշխարհի ցանկացած հատվածում։ Եթե մարդը կարող է իր աշխատանքը կատարել աշխարհի ցանկացած հատվածում, ապա նա ի վիճակի է ապրուստ վաստակել։ Ի վիճակի լինելու համար, մարդը պետք է լինի ինքնավստահ, բանիմաց իր բնագավառում, կարողանա խնդիրներ կարգավորել, խոսել օտար լեզուներով։
Ցավոք, մեր երկրի ներկայիս կրթական համակարգը շատ նման է խորհրդային համակարգին։ Մի քանի բացառություններով, բուհերը որևէ նշանակություն չունեն ու կազմում են վիճակագրության մասը, որը քաղաքական գործիչներն օգտագործում են իրենց ելույթներում։ Չի քննարկվում՝ ինչպես, ինչու կամ ինչ ենք մենք անում բարձրագույն կրթության բնագավառում։ Հազարավոր ուսանողներ սովորում են մի շարք բաժիններում, որոնց հետագա օգտակարության կամ պահանջվածության մասին որևէ տեղեկություն չկա։ Վերջին հինգ տարիների վիճակագրությունը վկայում է, որ այս ոլորտում որևէ լուրջ պլանավորում չի արվել։ Աֆիոն֊Կարահիսար նահանգի Բաշմակչի քաղաքում կա արտաքին առևտրի ծրագիր։ Նույն ծրագիրը կա նաև Էմիրդաղ քաղաքում։ Բոլվադինն ու Բայաթը ունեն նույն ծրագիրը։ Հատկանշական է, որ այս բոլոր քաղաքները տեղակայված են միմյանց մոտակայքում։ Թուրքիայում պատկերը հիմնականում այսպիսին է։
Այն փաստը, որը մենք ունենք 200 համալսարան, անիմաստ վիճակագրություն է։ Իրական հարցն այն է, թե շրջանավարտներից քանի՞սն աշխատանք ունեն։ Շրջանավարտներից քանի՞սն են ի վիճակի աշխատանք գտնել աշխարհի տարբեր հատվածներում։ Նրանցից քանի՞սն են ի վիճակի իրենց մասնագիտությունը կիրառել օտար լեզվով։ Համալսարաններն ի՞նչ լուծումներ են առաջարկում երկրի սոցիալ ու տեխնիկական խնդիրներին։ Ո՞ր համալսարաններն ունեն որևէ նախագծեր Քրդական հարցի, ալևի֊սուննի հարաբերությունների, արտաքին քաղաքականության, Հայկական հարցի ու Կիպրոսի խնդրի մասին։
Մեր երկրի համալսարանները հիշեցնում են միջնադարյան Եվրոպան։ Դրանք հրաշքներ ու առեղծվածային արդյունքներ են ակնկալում ինչ֊որ թվերից ու դիպլոմ կոչվող թղթի կտորից։ Գիտնականների զգալի մասը կարծում է, որ հանրակացարաններում ապրելը, որոնք ավելի շատ վանք են հիշեցնում մարդկանցից կտրված լինելու պատճառով, պաշտոններ ու կոչումներ ստանալն ամենակարևորն է։ Ամերիկյան բուհերից մեկի Համեմատական գրականության ֆակուլտետի ղեկավարին մի անգամ հարցրեցի՝ ինչու են դոկտորական գրելու համար միայն հինգ ուսանող ընդունում, եթե ունեն բազմաթիվ պրոֆեսորներ։ Նա պատասխանեց․ «Հինգ տարի անց ոլորտում կլինի միայն 4 դոկտորական շրջանավարտի կարիք։ Մեկը կարող է աշխատել արտերկրում կամ թողնել ծրագիրը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ վատնել մարդկանց ժամանակը՝ ավելի մեծ թվով ուսանողներ ընդունելով»։