Քանի որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» տարբեր կուսակցություններ են, նրանք մշտապես ունենում են տարաձայնություններ, սակայն դրանք հաղթահարվում են: Այս մասին այսօր քաղաքական ուժերի շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Լրագրողները պատգամավորի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միմյանց ուղղված հայտատարությունների հարցը:
Այն հարցին, թե արդյոք համագործակցող քաղաքական ուժերը չեն վախենում նման հայտարարություններով հիասթափություն առաջացնել` Մարգարյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ հայտարարություններն արվել են այն փուլում, երբ շարժումը գտնվում է «մաժոր նոտայի վրա», այլ ոչ թե անկման ժամանակ:
ԲՀԿ֊ական պատգամավորից նաև հետաքրքրվել են` արդյոք հակասությունները միայն հանրահավաք անցկացնելուն են վերաբերում, թե համապետական գրասենյակների ստեծման հետ կապված ՀԱԿ֊ի և ԲՀԿ֊ի մոտեցումները չեն համընկնումն: Մարգարյանն ասել է, որ ինքն այդ երկու գործընթացների մեջ հակասություն չի տեսնում և դրանք պետք է զուգահեռ լինեն:
«Մենք հանրահավաքների դադար չենք վերցրել: Շտաբերը ունենալու են մոբիլիզացնելու դեր, քանի որ հանրահավաքին հազարավոր մարդիկ հետևում են հեռուստատեսությամբ և համակարգչով, իսկ շտաբերը հենց տեղում հնարավորություն կտան շփվելու: Մենք, այո՛, ունենք ԲՀԿ֊ի կուսակցական գրասենյակներ, սակայն համաժողովրդական շարժման համար պետք է ստեղծել համաժողովրդական շարժման գրասենյակներ, քանի որ շատ մարդիկ չեն ուզում կուսակցական դառնալ, սակայն շարժումը գնահատում են», – ասել է Մարգարյանը:
Ոչ իշխանական եռյակը Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր հոկտմեբերի 31֊ին, նոյեմբերի 7-ին և 14-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին, սակայն առաջին երկու օրերին հանրահավաքները չէին կայացել:
Այդ փաստը մեկնաբանելով` Մարգարյանն ասել է, որ հանրահավաքներ անցկացնելու մասին հայտարարություն չէր արվել, իսկ իրազեկումն ուղարկվել էր, որպեսզի հանրահավաք անցկացնելու որոշում կայացնելու դեպքում, քաղաքապետարանը տեխնիկական խոչընդոտներ չստեղծի:
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ֊ը հայտարարել էր, որ ԲՀԿ֊ի՝ Հայաստանի քաղաքներում համաժողովրդական շարժման գրասենյակներ է ստեղծելու հետ մեկտեղ հարկավոր է շարունակել հանրահավաքային շարժումը։ ԲՀԿճն պատասխան հայտարարության մեջ նշել էր, որ ՀԱԿ֊ը կարող է ինքնուրույն հանրահավաքներ անել, իսկ ԲՀԿ֊ն պատրաստ է դրանք կազմակերպել «ճիշտ պահին»։