Երեք քաղաքական կուսակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) կողմից նախաձեռնած Համաժողովրդական շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և, մասնավորապես, ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին: Այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի տարածած մեկնաբանության մեջ, որը պատասխան է ՀԱԿ֊ի երեկվա հայտարարությանը։ Նշենք, որ ՀԱԿ֊ը կարևոր էր համարել հանրահավաքային պայքարի շարունակությունը՝ նշելով, որ ակտիվ քաղաքական քայլերի բացակայությունը ճակատարգրական կարող է լինել շարժման համար։
Ուրիխանյանը նաև ընդգծում է, որ ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով, պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին: Կուսակցությունը նաև «վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը»։
Նշենք, որ եռյակը հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24֊ին հանրահավաքներ էր անցկացրել Ազատության հրապարակում։ Հնչած ելույթների ընթացքում քաղաքական ուժերը իշխանափոխության նպատակ էին դրել։