Առաջին ատյանի դատարանի կողմից հինգ և կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ Վերաքննիչ դատարանում պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին։ Առուշանյանը մեղադրվում է գումար հափշտակած հանցագործներին տեղեկություններ հայտնելու մեջ։ Նրա պաշտպանը բազմիցս հայտարարել է նախաքննության ընթացքում տեղ գտած խախտումների մասին։
Երեկվա դատական նիստի ընթացքում Սիմոնյանը կրկին բարձրացրել է խախտումների հարցը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել՝ հիմնավելով իր իսկ կողմից անթույլատրելի ճանաչված ապացույցի վրա, ինչը Քրեական օրենսգրքի և Սահամանդրության խախտում է: Սիմոնյանն ընդգծել է, որ առաջին ատյանի դատավոր Մեսրոպ Մակյանն ընդունել էր իր միջնորդությունը մեղադրանքի հիմքից հանել խոշտանգումների միջոցով կորզված Արտաշես Գալուստյանի ցուցմունքը և Գալուստյանի ու Առուշանյանի առերես հարցաքննությունը:
«Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը, սակայն դատարանը անթույալտրելի ապացույց համարված նյութին տալով «արժանահավատ վարկած» անվանումը՝ այն գնահատել է այլ ապացույցների հետ մրցակցության համատեքստում։ Դրանով դատարանը թույլ է տվել Սահմանադրության և Քրեական դատավարության օրենսգրքի իրական խախտումներ», – իր ճառում ասել է փաստաբանը:
Ուրբաթ օրվանից Առուշանյանի ծնողները արդար դատաքննության պահանջով հացադուլ են սկսել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին։ Նրանց մոտ շտապօգնության մեքենա է հերթապահում։