Մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը: News.am-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարանը:
Դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործընթացի հետ առչնվող Մաքսային օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը:
Դատարանի դիրքորոշման համաձայն՝ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները՝ բացառություն են ընդհանուր կանոնից: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պրակտիկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման` հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը, փաստացի դարձել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ մաքսային մարմինը, մաքսային արժեքի չափի կամ որոշման մեթոդի վերաբերյալ անհամաձայնության դեպքում, պարտավոր է դրա մասին կայացնել պատճառաբանված եզրակացություն և/կամ որոշում, և անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից՝ պետք է վերջինիս տրամադրի համապատասխան եզրակացությունը և/կամ որոշումը:
Միաժամանակ դատարանը արձանագրել է, որ չնայած մաքսային օրենսգրքում առկա որոշակի շփոթությանը՝ մաքսային մարմինների կողմից ընդունած նշյալ ակտերը բոլոր դեպքերում պետք է լինեն բողոքարկելի: