Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանն իր վերջին խոսքը սկսել է ևս մեկ անգամ տուժողների իրավահաջորդներին ցավակություն հայտնելով: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդում տեղի ունեցած ավտովթարի համար։ Վթարի հետևանքով մահացել է երկու անչափահաս երեխա՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները:
Վարդան Պետրոսյանն ասել է, որ դատավճիռները և մեղադրանքները երբեմն անտրամաբանական են: Նա նշել է, մասնավորապես, որ երկու հավ գողանալու համար մարդուն դատապարտում են 3-4 տարվա ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքով, որ հավը թուխս էր: Պետրոսյանն այլ օրինակներ էլ է սկսել բերել, սակայն դատարանը նրան ընդհատել է՝ հորդորելով գործին չառնչվող հայտարարություններ չանել։
Իր գործին անդրադառնալով՝ Պետրոսյանը նախ նշել է, որ տուժողի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը մամուլում շարունակաբար ապատեղեկատվություններ են տարածել, մասնավորապես, այն մասին, թե Վարդան Պետրոսյանի ընտանիքը երբեք չի ցավակցել տուժածների հարազատներին: Պետրոսյանը վիրավորված է, որ իր ցավակցական խոսքերը, ավտովթարից կենդանի մնացած Տաթևիկի բուժմանն օգնելու պատրաստակամությունը տուժող կողմը մշտապես մեկնաբանել է որպես կեղծավորություն:
«Համացանցում գրում են՝ դերասան է, դե, թատրոն է խաղում: Կարող էին մտածել, որ էս մարդը սրտի խորքում իսկապես ցավակցում է: Ի՞նչ ենք շահելու, ինչի՞ ենք ուզում հասնել: Ով ուզում է հաշտվել, փնտրում է առիթ, ով չի ուզում՝ փնտրում է պատճառ»,- ասել է նա:
Վարդան Պետրոսյանն ասել է, որ դժբախտ պատահարի քննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով, որ թույլ են տրվել թե՛ նախաքննական մարմնի, թե՛ դատարանի կողմից: Նա պատմել է, որ քննիչը, իրեն այցելելով դեռ վերակենդանացման բաժնում, նախ ասել է, որ իրեն հրավիրում են Եղվարդ որպես վկա ցուցմունք տալու, սակայն նույն հանդիպման ժամանակ իսկ ավելացրել է՝ դուք ձերբակալված եք:
Ըստ Պետրոսյանի՝ քննիչ Հայկարամ Հակոբյանը մշտապես փորձել է իրենից ցուցմունք վերցնել՝ առանց իր փաստաբանի ներկայության:
«Ինձ ուշ են ասել, որ երեխաներ են զոհվել՝ 6-7 օր հետո: Ես եղել եմ վերակենդանացման բաժնում: Ես ինքնս չեմ ուզեցել փաստաբան: Հետո ինձ ասել են՝ քո դեմ արագ ցուցմունքներ են գրվում, հարուցվում է քրեական գործ և չեմ կարող փաստաբան չունենալ», – ասել է նա:
Քննիչը, ըստ դերասանի, անգամ հրաժարվել է գործի նյութերը տրամադրել իրենց:
«Ես դատարանում հարցրեցի՝ ինչու փաստաթղթերը չեք տրամադրում, դատարանում ասեց՝ որտև լաավ չես ուզում: Հակոբյանը դատարանի դահլիճից դուրս ասաց՝ լավ եմ անում, ես տենց եմ աշխատում: Ուզում ես գնա նախագահի մոտ բողոքի: Իհարկե, քրեական գործ հարուցվեց, սակայն արդյունքում քննիչ Հակոբանի պաշտոնը բարձրացվեց:
Ես հիվանդանոցում մտածում էի՝ ո՞նց եմ շարունակելու իմ կյանքը: Փառք Աստծո, ես ընկա կալանավայր և ընկա իմ եղբայրների ձեռքը: Իրենք ինձ սովորեցրին ցավի հետ ապրել», ֊ ասել է Պետրոսյանը: