Հունվարի 29֊ին Գյումրիում տեղակայված ռուսական 102֊րդ ռազմաբազայի զինծառայողներն ու ռազմատեխնիկան Գյումրու 8֊րդ ռուսական թաղամասի ու «Մուշ֊2» թաղամասի միջնամասում գտնվող բաց դաշտում են կուտակված եղել, գրում է «Ասպարեզ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նմանատիպ կուտակումներ են եղել նաև նախորդող մի քանի օրերին։ Հարցին՝ արդյո՞ք հիշյալ տարածքը ռազմաբազայի իրավասության ներքո է, որ ցանկացած պահի կարող են ռազմատեխնիկան հանել և արդյո՞ք ռազմաբազայի հրամանատարությունը թույլտվություն ստացել է քաղաքում ազատորեն տեխնիկա դուրս հանելու, քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետական բաժնի աշխատակից Հենրիկ Գասպարյանն ասել է․ «Այդ բաց տարածքի մի մասը ռազմաբազային է պատկանում ու իրենք կարող են տնօրինել։ Հիմա նայած, թե որ տարածքի մասին է խոսքը»։
Գասպարյանը վստահեցրել է, որ զինտեխնիկայի այնտեղ գտնվելը օրինական է, և հավելյալ թույլտվություն վերցնելու խնդիր չկա, քանի որ քաղաքի այդ մասում տեխնիկան հանելը համաձայնեցված է և անվտանգության խնդիրներն էլ ապահովված են։
Հարցին՝ արդյո՞ք ռազմաբազան քաղաքապետարանի հետ համաձայնեցրել էր հունվարի 26֊ից սկսված գործողությունները, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանել է․ «Մենք չենք վերահսկում, թե նրանք երբ են կատարելու իրենց վարժությունները։ Իրենք ունեն պլանային պարապմունքներ։ Այդ պարապմունքների շրջանակներում իրականացնում են իրենց ծրագրերը։ Իսկ ընդհանրապես համաձայնեցված է, թե քաղաքում տեխնիկան ինչպես է շարժվելու»։
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, իր հերթին, թերթին փոխանցել է, որ նմանատիպ հարցերը կարգավորվում են միջպետական համաձայնագրով։