Հայաստանում ոչ ոք չի համարձակվում խոսել բանակային համակարգի ներսի խնդիրներից, քանի որ «բողոքողի գլուխը կարող է ուրիշ բան լինել»։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով Ռազմական ինստիտուտում կատարված սպանությանը, ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա նշել է, որ զինվորականները համակարգի ներսում իրավական առումով պաշտպանված չեն, և անգամ նրանք, ովքեր ազատվում են աշխատանքից կամ դատապարտվում են, չեն համարձակվում բարձրաձայնել խնդիրների մասին։
Սաքունցը ողջունելի է համարել Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականը՝ նշելով, որ եթե նման մտածողություն լիներ ՀՀ պետական համակարգում, տեղի կունենար «մաքրման պրոցես»։ Իրավապաշտպանը, սակայն, հարց է բարձրացրել՝ ինչու նույն պետի հրաժարականի դիմումը չբավարարվեց երկու տարի առաջ, երբ նույն ինստիտուտում կուրսանտ Արմեն Մելքումյանը կրակել էր ծառայակից Սիփան Մովսիսյանի վրա, ով մահացել էր:
«Պետք է խոսացնել, բայց էդ մարդը չի խոսա։ Գլխավոր շտաբի պետի տեղակալին գոմեշի գործով Սերժ Սարգսյանը հանեց։ Էդ մարդը խոսե՞ց։ Կոմբինատի տնօրենը խոսե՞ց։ Ոչ մեկ չի խոսելու։ Հո գլխներից ձեռ չե՞ն քաշել», ֊ ասել է Սաքունցը։
Լուսանկարում առաջին պլանում՝ Ռազմական ինստիտուտի նախկին պետ Մարտին Կարապետյանը