Home / Հայաստան / Հայաստանի՝ արտաքին պարտք վերցնելու աղբյուրները կարող են իսպառ «ցամաքել»․ «ՀԺ»

Հայաստանի՝ արտաքին պարտք վերցնելու աղբյուրները կարող են իսպառ «ցամաքել»․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից, քանի որ այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշել է սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից փող ներգրավելու գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերպությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա: Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնի շուրջ մեկ միլիարդ դոլար:

«Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է: Այս անգամ չի բացառվում տոկոսադրույքը հասնի տարեկան մինչև 9 տոկոսի: Դա կլինի Հայաստանի երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը: Մյուս կողմից մեր աղբյուրները չեն բացառում, որ նույնիսկ այս պայմաններով ՀՀ կառավարությունը կարող է գնալ նման պարտք վերցնելու, քանի որ արտաքին պարտքի այլ աղբյուրները Հայաստանի համար կարող են իսպառ «ցամաքել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում