Home / Հայաստան / Ադրբեջանը մոտ 1 միլիարդ դոլար է ծախսելու Եվրոպական խաղերի օբյեկտների համար

Ադրբեջանը մոտ 1 միլիարդ դոլար է ծախսելու Եվրոպական խաղերի օբյեկտների համար

Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի համար նախատեսված մարզական օբյեկտների շինարարության վրա ծախսվել է շուրջ 1 մլրդ մանաթ (մոտ 1 մլրդ դոլար)։ Contact.az կայքի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայում ապրիլի 3֊ին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռագիմովը։

Ըստ նրա՝ Եվրոպական խաղերի բյուջեն բաղկացած է երեք մասից․ ծախսեր նախատեսված բուն խաղերի համար, ծախսեր՝ մարզական օբյեկտների կառուցման համար, և ծախսեր՝ քաղաքի ենթակառուցվածքի բարելավման համար։

Նախարարն ընդգծել է, որ բյուջեի շուրջ 60 տոկոսն արդեն ծախսվել է։

«Օլիմպիական ֆուտբոլային մարզադաշտն արժեցել է 500 մլն մանաթ։ Ջրային մարզաձևերի պալատը՝ ավելի քան 200 մլն, հրաձգարանը՝ 110 մլն, Հեյդար Ալիևի մարզահամալիրն ու Արենա բուլվարը՝ միասին շուրջ 50 մլն, Եվրոպական այգին՝ 100 մլն մանաթից պակաս»,֊ հայտնել է Ռագիմովը։

Ծախսերի մասին խոսելիս՝ նախարարը չի նշել, թե որքան է Ադրբեջանը ծախսելու ազգային հավաքականների ժամանման ու Բաքվում գտնվելու համար, ինչի մասին հայտարարել էին Ադրբեջանի իշխանությունները։ Նա նաև չի պարզաբանել՝ հանուն ինչի է կառավարությունը գնացել նման բազմամիլիոնանոց ծախսերի՝ տնտեսական ճգնաժամի, նավթի գների անկման ժամանակաշրջանում, գրում է Contact.az֊ը։

Նշենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործկոմը մարտի 10֊ին որոշում է ընդունել մասնակցել հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին ամառային խաղերին։