Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը չի փոխվել․ նա համարում է, որ Հայաստանի ներկա խնդիրները կապված չեն գործող Սահմանադրության հետ։ Այս մասին Քոչարյանը ասել է 2rd.am կայքի հետ զրույցում։
«Երկիրն անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից: Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը», ֊ ասել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահին հարցրել են ԲՀԿ֊ի շուրջ զարգացումների մասին՝ նշելով, որ մամուլում հանդիպում են տարատեսակ ասեկոսեներ, որոնցից մեկի համաձայն, Քոչարյանը սառնասրտորեն հետևել է դատաստանին և ոչինչ չի արել, որպեսզի փրկի ԲՀԿ-ն, իսկ մյուսի համաձայն, նա պարզապես չի կարողացել օգնել Ծառուկյանին։
«Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը: Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը:
Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր», ֊ պատասխանել է Քոչարյանը:
Նա նշել է, որ ԲՀԿ-ի կազմաքանդումը թեթևացրել է իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրել երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք:
Որպես դրական զարգացում նա նշել է երկու հանգամանք, որոնք «մեզնից կախված չեն»:
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը:
Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբեջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները», ֊ ասել է Ռոբերտ Քոչարյանը: