Մայիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը փորձում էր գործել օրենքի սահմաններում։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով Galatv.am֊ի հարցին, թե ինչպես ստացվեց, որ միջադեպի մասնակից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, իրավապահ մարմինները՝ հանձինս ոստիկանության, չկարողացան բերման ենթարկել:
«Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, որոնք կատարում ենք պատշաճ: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Սկզբունքը մեկն է. ամեն մեկն իր ֆունկցիան պետք է կատարի, քննչականն իր ֆունկցիան, ոստիկանությունն իր ֆունկցիան պետք է կատարի, և կոնկրետ պետք է սահմանազատել դրանք մեկը մյուսից»,- հայտարարել է Գասպարյանը:
Հարցին, թե ոստիկանությունը պրոֆեսիոնալ չգործե՞ց, որ Տիգրան Խաչատրյանին հաջողվեց հատել սահմանը (ըստ ԶԼՄ֊ների՝ նա գտնվում է Օդեսայում), թե՞ այլ խնդիր կար, ոստիկանապետը պատասխանել է, որ ոստիկանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել, քանի որ տուժող կողմը բողոք չի ներկայացրել, գրում է ԳԱԼԱ֊ն։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ մայիսի 2-ին Գորիսում Տիգրան Խաչատրյանը վիճաբանել է Հարություն Զաքարյանի հետ, ապա իր ընկերների հետ ծեծել երիտասարդին և նրա եղբորը։ Ծեծի ենթարկվելու հետևանքով Զաքարյանը կորցրել է աջ աչքի տեսողությունը։