Գյումրիում 2015 թվականի հունվարի 15-ին կայացած բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիների և ոստիկանների բախման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 19 մեղադրյալ կա։ Նրանցից մեկը՝ Մնացական Ալեքսանյանը, որպես վկա էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե փետրվարի 4-ին, որտեղ էլ ձերբակալվել էր, ապա 2 օր անց նա ազատ էր արձակվել ստորագրության դիմաց։ Ալեքսանյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։
Epress.am֊ի հետ զրույցում Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը նշել է, որ բոլոր մյուս մեղադրյալները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե հարցաքննության, սակայն մեծ աղմուկ չեն բարձրացնում, քանի որ բանավոր խոստում են ստանում, որ գործը դատարան չի հասնի։
«Ասում են, որ Աղվան Հովսեփյանը (Քննչական կոմիտեի ղեկավար ֊ խմբ․) խոստացել է, որ գործը դատարան չի հասնի, այդ պատճառով մարդիկ աղմուկ չեն բարձրացնում։ Չնայած, այլ խոսակցությունների համաձայն, դատախազությունը շահագրգռված է գործը դատարան մտցնել», ֊ ասել է Հայկ Հարությունյանը։
Հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով միջնորդել, որպեսզի ռուսական կողմը ՀՀ իրավասու մարմիններին հանձնի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ:
Ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել քր. օրենսգրքի 258-րդ (Խուլիգանություն) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռություն գործադրելը) հոդվածներով: