ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի խնդրի լուծման երկու տարբերակ են քննարկում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ի սկզբանե որոշվել էր, որ էլէներգիայի սակագինը կթանկացնեն 6-7 դրամով: Մյուս տարբերակը, որը վերջին օրերին է քննարկման թեմա դարձել, էլէներգիայի գործող սակագինը նույնը թողնելն է: Երկու տարբերակների դեպքերում էլ, սակայն, ՀՀ իշխանությունները միևնույն ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար պետք է լրացուցիչ եկամուտներ ապահովեն: Այս խնդիրը լուծելու համար որոշել են զսպել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագների բարձրացումը», ֊ գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստան ատոմակայանի մասով արդեն իսկ քաղաքական որոշումը կայացվել է․ ըստ այդմ, ատոմակայանի էլէներգիայի գինը ոչ միայն չի թանկանա, այլև, ընդհակառակը, մոտ 10 տոկոսով կէժանանա: Ենթադրվում է, որ մյուս ձեռնարկությունների դեպքում ևս համանման մոտեցում կարող է կիրառվել: Այս ճանապարհով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձում է հող նախապատրաստել, որպեսզի, առանց սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու, ՀԷՑ-ի շահույթն ավելանա, այսինքն՝ հոսանք արտադրողները ՀԷՑ-ին էժան էլէներգիա վաճառեն:
Նշենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է, սակայն չէր նշել որքանով։ ՀԷՑ֊ը հանձնաժողով ուղարկած իր հայտում խնդրում է 1 կիլովատի գինը բարձրացնել 17 դրամով։