Բնապահպան և իրավաբան Արթուր Գրիգորյանը վիճարկում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից իր հետ կնքված էկոլոգիական ոլորտում ծառայությունների մատուցման պայմանագրի խզման օրինականությունը։
«Հասել ենք արբիտրաժային փուլին։ Քանի որ ԵԱՀԿ օգտվում է դատավարական անձեռնմխելիությունից, և մեր դատարաններում մենք չենք կարող գործը ներկայացնել, հետևաբար միակ սուբյեկտը, ըստ պայմանագրի, որտեղ կարելի է վեճեր քննել, արբիտրաժն է», ֊ Epress.am֊ին տված հարցազրույցում ասել է Արթուր Գրիգորյանը։
Վերջինս ընդգծել է, թե պաշտոնական հիմնավորման համաձայն` պայմանագիրը խզվել է, քանի որ ինքը հարցազրույցներից մեկում քննադատել է ԵԱՀԿ֊ի և ոստիկանության փոխհարաբերությունները, և դա որակվել է որպես էթիկայի խախտում։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն ասել է, որ միջազգային կազմակերպությունների և Հայաստանի կառավարության, դրան կից մարմինների՝ հատկապես ուժային կառույցների համագործակցությունը որևէ կերպ չի նպաստում ժողովրդավարացման զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ ընդհակառակը՝ սնուցում է կոռումպացված համակարգը։
Գրիգորյանը նշել է, որ պայմանագրում չկա կետ, որն արգելում է խոսել ԵԱՀԿ֊ի և որևէ կառույցի փոխհարաբերությունների մասին։
«Ասեմ ավելին՝ ԵԱՀԿ֊ի մանդատից էլ դա չի բխում։ ԵԱՀԿ֊ի և այլ միջազգային կազմակերպությունների խնդիրն է քաղաքացիական հասարկության ուժեղացումը, խոսքի ազատության խրախուսումը, ժողովրդավարական հաստատությունների զարգացումը։ Մենք գործնականում տեսնում ենք ճիշտ հակառակ գործընթաց։ Միջազգային կազմակերպությունը տրամադրում է հազար ու մի աջակցություն, արդյունքում` էլ ավելի է մեծանում այդ [իրավապահ] մարմինների գործողություններում տեռորի փաստերը, էլ ավելի մեծ է քաղաքական հետապնդումների կոմպոնենտը, և դա ոչ միայն գնահատականի չի արժանանում միջազգային կառույցների և կոնկրետ ԵԱՀԿ֊ի կողմից, այլ [աջակցությունը] էլ ավելի է լայնանում։ Ես չեմ տեսել որևէ գնահատման հաշվետվություն այդ գործունեության արդյունավետության վերաբերյալ։ ԵԱՀԿ֊ն պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե իր գործունեության արդյունքում ինչպիսի միջոցներ են ծախսվել, ինչի վրա են ծախսվել, ինչ արդյունքներ կան։ Այդ գործունեությունը վնասակար է քաղաքացիական հասարակության համար, որովհետև դրա արդյունքում ուժեղանում է մի սուբյեկտ, որն արդեն իսկ ուժեղ է, որն այդ ուժն ամբողջ թափով օգտագործում է և՛ քաղաքական ճնշումներ գործադրելու, և՛ քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար», ֊ ասել է Գրիգորյանը։
Լուսանկարը վերցված է Ոստիկանության կայքից։ Այն արված էր հունիսի 4-ին Երեւանում «Ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2015 թ. գործողությունների շրջանակներում: