Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում ապօրինությունների գործով պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանին (լուսանկարում)։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով զբաղվել է գործով։ Դեռևս անցյալ տարվա ապրիլին գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների մասին։
Տիգրան Հայրապետյանն այսօր ասել է, որ նախարարությունն իր հարցմանն ի պատասխան նշել է, որ գիշերօթիկի աշխատանքները համակարգում է փոխնախարար Բերիկյանը։ Հայրապետյանի հարցին, թե արդյոք վերջինս ենթարկվել է կարգապահական տույժի, նախարարությունից հայտնել են, որ դեռևս 2014թ․ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան խիստ նկատողություն է հայտարարել։
Փաստաբանն ընթերցել է Քրեական օրենսգրքի 315 հոդվածը (պաշտոնական անփությություն), որի համաձայն պաշտոնատար անձի կողմից պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քրեորեն պատժելի արարք է։
Հայրապետյանը նշել է, որ Ֆիլարետ Բերիկյանը ոչ պատշաճ է կատարել իր լիազորությունները, ինչի հետևանքով պետական բյուջեին 55 մլն վնաս է հասցվել։ Ուստի, փաստաբանի խոսքով, միանշանակ է, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի։ Նա ասել է նաև, որ գործի քննության ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի այն չբացահայտվի ու նախարարության ներկայացուցիչները չպատժվեն։
«Հնարավոր չէ, որ նախարարության աշխատակիցները չիմանան գումարների մսխման մասին», ֊ ասել է Հայրապետյանը։
Նա հայտնել է, որ ՀՀ կառավարության ու Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության միջև կնքված պայմանագրով բյուջեից տարեկան 113 մլն դրամ գումար է հատկացվում, որպեսզի 82 աշակերտ սոցիալապես ապահովված լինի, մինչդեռ իրականում աշակերտների քանակը 30-ն էր։ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ նման հաստատություններ կան, որոնց վրա պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց դրանց 10 տոկոսն է միայն հասնում նպատակին։
Լուսանկարը՝ nyut.am