Լրագրողները խաչ են քաշում ԷլեկտրաԵրևանի վրա։ Օտարերկրյա ԶԼՄ֊ները գրում են «թավշյա կերպով ցրելու» մասին։ Ակնկալվող հեղափոխությունը տեղի չունեցավ, գրում են ուրիշները։ Ոմանք սպասում էին փողոցային մարտերի ու Մոլոտովի կոկտեյլների, ոմանք, հակառակը, խաղադրույք էին կատարում կոշտ ցրման վրա, ինչո՞ւ ոչ՝ մի քանի զոհերով, հնարավոր է՝ պարետային ժամով։ Մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ փոխվեց․ կանխատեսումների մեծ մասը չիրականացավ։ Շատերը, թվում է, հիասթափված են։
Տեղի մամուլն ու նախկին կազմակերպիչները մասամբ լուծեցին իրենց խնդիրը․ Բաղրամյանում մնացած «ռադիկալների, թմրամոլների ու սադրիչների» մասին ապատեղեկատվությունը ձեռքից ձեռք անցավ։ Ազատության հրապարակում «այլընտրանքային» ցույցը չեղյալ հայտարարվեց, իսկ Բաղրամյանում մարդկանց թիվը զգալիորեն պակասեց։ Ու թեև «կազմակերպիչներն» արդեն երեք անգամ հասցրել են իրենց խոսքը հետ վերցնել, նրանց օրինակով հեռացավ ցուցարարների մեծ մասը։ Մեր առջև դեռևս դրված է մարդկանց հետ բերելու խնդիրը․ դրանից է կախված իշխանությունների նոր ռազմավարության ձախողումը՝ ագրեսիան ու սպառնալիքները փոխարինել արհամարհանքով ու վարկաբեկմամբ։
Ցուցարարների երեք պահանջներից ոչ մեկը չի կատարվել։ Դա հասկանում են անգամ նրանք, ովքեր ցույցերին այլևս չեն մասնակցում։ Կամ գոնե նրանց մեծամասնությունը։ Փաստն այն է, որ կամ հոգնածության, կամ անորոշության, կամ էլ այն պատճառով, որ Բաղրամյանում կուտակված հանցավոր տարրերի մասին խոսակցություններն արդեն ձանձրալի են դարձել, նախկին 10 հազար ցուցարարների փոխարեն՝ Բաղրամյանում այսօր հավաքվում է մոտ 3 հազար մարդ։ Ոստիկանական պատնեշը հանվել է, [Երևանի փոխոստիկանապետ Վալերի] Օսիպյանն այլևս թուք շաղ չի տալիս․ ինչ֊որ մեկն ինքնացրման լուրջ հուսներ ունի։ Բայց դա երկրորդական է։
Ոչինչ, իհարկե, ավարտված չէ։ Եվ հեղափոխություն Բաղրամյանում, ինչ֊որ առումով, արդեն տեղի է ունեցել։ Առաջնորդներից հետո հեռացան ծայրահեղ աջերը, մարդիկ մնացին առանց գլխապետի, առանց բարձրախոսերի ու առանց պատրաստի որոշումների։ Երգն ու պարը փոխարինվեց քննարկումներով։ Մարդիկ ասելիք ունեն։ Արտահայտվելու հնարավորություն այսօր կա, ու մարդիկ գալիս են խոսելու․ ամեն օր ձևավորվում են նոր աշխատանքային խմբեր, ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ միանում են քննարկումներին։ Օսիպյանին այլևս ոչ ոք չի ծափահարում։ Նոր «նախաձեռնող խումբ» ստեղծելու առաջարկներ, կարծես, այլևս չեն հնչում։ Կամ հնչում են, բայց հազվադեպ, ու չեն արժանանանում հապատասխան արձագանքի։
Տարածքի մաքրումից հետո, առավոտյան քննարկմանը քիչ մարդ կար․ խոսում էին երեքական րոպե՝ առանց միմյանց ընդհատելու։ Որոշվեց սահմանել Բաղրամյանում վարքագծի կանոններ․ ձևավորվեց նոր աշխատանքային խումբ։ Քննարկվում էր՝ ինչպես խուսափել սադրումներից ու ինչպես վարվել խմած մարդկանց հետ։ Ինչ֊որ մեկը բողոքեց երեկոյան ժամը 11֊ից հետո աղմուկից․ մարդիկ ծափահարեցին, խոստացան այլևս չաղմկել։ Ինչ֊որ մեկն առաջարկեց վորքշոփեր ու կինոդիտումներ կազմակերպել, ոմանք խոսեցին նոր մարդկանց ներգրավելու անհրաժեշտության մասին, այլոք բողոքեցին, որ իրենց աշխատանքային խումբը դեռևս չի գործում։ «Եղբայրներ ու քույրեր, ես չեմ կարող ձեր պես գեղեցիկ բառերով խոսել, բայց մենք, որպես ակտիվիստներ, պետք է հասկանանք, որ դե սենց չի կարելի էլի․․․նկատի ունեմ, որ ինքնապաշտպանության խումբը կոպտում է առաջին շարքերին մոտեցող մարդկանց։ Դա պետք է քննարկել, առաջարկում եմ փոխել խմբի կազմը»։ Ինչ֊որ մեկը խոսք էր խնդրում ու բողոքում, որ «տղաներն առանց շապիկների էին քայլում Բաղրամյանում»։ Մտածում էին՝ ինչպես կարելի է հերթափոխ կազմակերպել, որպեսզի ուժասպառ չլինեն, ու ինչպես անել, որ աշխատանքային խմբերն իսկապես գործեն։ Կազմվեց համատեղ հայտարարության տեքստ․ դրա խմբագրումը նշանակվեց երեկոյան քննարկմանը։ Շատերը բողոքում էին, որ մեր թիվն իսկապես փոքրացել է։
Իսկ երեկ քննարկվում էր, թե արժի արդյոք ոստիկանության աշխատակիցներին կանչել ցույցի տարածքում սադրանքները կանխելու ու կարգուկանոն պահպանելու համար։ 40 րոպե տևած քննարկումից հետո բոլորը համաձայնեցին, որ, այնուամենայնիվ, չարժի։ Անկախ նրանից՝ մարդիկ կմնան, թե ոչ, կցրեն մեզ, թե կհաղթեն ուժերի սպառման պատճառով, վերջին երկու օրերը շատ լավ անցան։ Տարբեր հայացքների, տարբեր տարիքի, տարբեր անցյալներով, տարբեր ընտանիքներից, շրջաններից, քաղաքներից մարդիկ շրջան են կազմում ու փորձում են միասին ինչ֊որ խնդիր լուծել։ Սա, թերևս, այն է, ինչ մենք ամենից շատն էինք ուզում (չհաշված էլէներգիան թանկացնելու որոշման չեղարկումը, հունիսի 23֊ի ցրման համար ոստիկաններին պատասխանատվության ենթարկելն ու նախորդ սակագնի վերանայումը)։
Զառա