Այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայի նստացույցի տարածք են այցելել ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու իր կողմնակիցները՝ ձեռքերին Եվրամիության դրոշներ: Բարիկադների մոտ Հայրիկյանի խմբի վրա հարձակվել են մի քանի ագրեսիվ երիտասարդներ, ովքեր սկսել են բղավել. «Միայն եռագույն», «Հայաստանը Եվրոպա չէ»:
Նրանք կանանց և տղամարդկանց ձեռքից խլում էին դրոշները ու ջարդում դրանք: Երիտասարդների մի խումբը հարձակվում էր, մեկ այլ խումբ կոչ էր անում կռիվ չսարքել. «Սա սադրանք է, հեռու մնացեք»: Հետո խմբերը փոխվում էին՝ հանգստացնողները հարձակվում էին, ագրեսիվները խնդրում էին չանել դա. «Այստեղ կամերաներ են, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեր մասին կպատմեն»:
Պաշտպանվողները փորձում էին բացատրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաճախ վերջին հույսն է այն Հայաստանի քաղաքացիների, ովքեր չեն կարողանում արդարության հասնել հայրենիքում: Պաշտպանվողներից մի քանիսը հարձակվողներին «ԿԳԲ-շնիկ» էին անվանում, իսկ վերջիններս գոռում էին. «Եվրոպան թքած ունի մեր վրա»:
Հայրիկյանի թիմի թռուցիկներում, որոնք այդպես էլ չհասցրեցին բաժանել, մասնավորապես, նշվում էր, որ «Հայաստանը պիտի քաղաքակիրթ աշխարհի մաս կազմի», «ամեն մարդ այսօր իր հույսը կապում է եվրոպական քաղաքակրթության հետ…»:
Մոտ կես ժամ դրոշների (արդեն միայն հայկական) կուտակման հատվածում վիճաբանություններ էին ընթանում. վիճում ու իրար վրա հարձակվում էին նրանք, ովքեր րոպեներ առաջ ջարդում էին Եվրամիության դրոշները: Երիտասարդները հեշտությամբ ֆիզիկական ագրեսիայի դիմեցին եվրաինտեգրման մոտ տասնյակ կողմնակիցների նկատմամբ, լավ է՝ ոստիկանությունը չխառնվեց. ոստիկանությունը, չնայած 10 օր առաջ բացառիկ դաժանությամբ էր ցրել Բաղրամյանի ցույցը, շարունակում է բանակցությունների լեգիտիմ կողմ մնալ ծեծված ցուցարարներից մի մասի համար և տեղեկատվության վստահելի աղբյուր՝ հունիսի 23-ին ծեծված լրագրողների համար:
Միջադեպի ողջ ընթացքում դեպքի նկատմամբ անհաղորդ էին հանրային քննարկումների մասնակիցները: Արդեն մի քանի օր է, ինչ բեմը լքել է նախկին նախաձեռնող խումբը և ազգայնական խմբերի ներկայացուցիչները, նրանք քննարկումներ են կազմակերպում, աշխատանքային խմբեր ստեղծում, փորձում են օրակարգ ձևավորել: Այդ ֆոնին Եվրամիության դրոշների անակնկալ մուտքը պողոտա և համապատասխան հռետորաբանությունը, որը անտեսեց ամենօրյա քննարկումները և նստացույցի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները, անխոհեմ է թվում. նստացույցը վերջին օրերին կամաց-կամաց սկսել է ազատվել ազգային-ազատագրական երգ ու պարից և, թվում է, անջատել է ռուսաստանյան մեդիաների առջև արդարանալու ռեժիմը. նախկինում նստացույցի մասնակիցները հաճախ էին փորձում ապացուցել, թե «սա Մայդան չէ»: