Home / Տեսանյութեր / «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին» ասել են՝ ինչպես են պայքարելու էլէներգիայի թանկացման դեմ

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին» ասել են՝ ինչպես են պայքարելու էլէներգիայի թանկացման դեմ

Հուլիսի 6-ին ոստիկանության կողմից ցրված Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցներից մի քանիսն այսօր հայտարարություն են փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են շարունակելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը: Նրանց հիմնական պահանջը նույնն է՝ սակագնի նվազեցում։

Հայտարարությունը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների միության շենքի մոտ, ընթերցել է հուլիսի 6-ին բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը։

Նա նշել է, որ իրենց հայտարարությունն ուղղված է «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին», ինչպես նաև լրագրողներին հայտնել է, որ տեքստի հեղինակները նորաստեղծ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներն են, որոնք նստացույցի ընթացքում դեմ են եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն և հունիսի 28-ին մնացել են Բաղրամյան պողոտայում, չնայած նստացույցի մասնակիցներից մի քանիսը հեռացել են Ազատության հրապարակ։

Սանասարյանն ասել է, որ պայքարն այսուհետ երեք փուլով է ընթանալու. առաջին փուլում Հայաստանի բոլոր ընտանիքներին բաժանվելու են թռուցիկներ, որոնք բացատրելու են, որ սակագնի բարձրացման որոշումը չեղյալ ճանաչելու մասին պահանջն իրավաչափ է:

«Երկրորդ փուլում մենք հինգ օրով արգելափակելու ենք Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունը անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։ Երրորդ փուլում մենք կրկին կբաժանենք թռուցիկներ և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերն այնքան ժամանակ, մինչև որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։ Մեր գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին»,- ասված է Սարգսյանին ուղղված նամակում:

Սանասարյանը հրաժարվել է նշված փուլերի իրականացման կոնկրետ ժամանակացույց ներկայացնել լրագրողներին: