Չորեքշաբթի վաղ առավոտյան Թուրքիայի ոստիկանական ուժերը գրոհել են ու գրավել «İpek-Koza Holding» ընկերության՝ Ստամբուլում տեղակայված գլխամասային գրասենյակը, որտեղ գործում է առնվազն հինգ խոշոր լրատվամիջոց, այդ թվում՝ նոյեմբերի 1֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար հիմնական հարթակ դարձած «Bugün TV» հեռուստաընկերությունը։
«Հարգելի հեռուստադիտողներ, չզարմանաք, եթե մոտակա րոպեներին մեր ստուդիայում ոստիկանների տեսնեք»,֊ ուղիղ եթերում ասել է հարձակման ենթարկված «Bugün TV»֊ի հաղորդավարը։
Հարյուրավոր մարդիկ, մեծամասնությունը՝ «Koza-İpek Holding»֊ի մեջ մտնող ԶԼՄ֊ների աշխատակիցներ, հավաքվել էին ընկերության շենքի դիմաց՝ բողոքելով ոստիկանների գործողությունների դեմ ու փորձելով կանխել նրանց մուտքը շենք։
Ժողովրդա֊հանրապետական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալը փորձել է բանակցել ոստիկանության ղեկավարների հետ, սակայն իրավապահները, հաճախակի ընդհարումներ հրահրելով ու պղպեղի սփրեյ կիրառելով, միևնույն է, ներխուժել են շենք։
Գրասենյակում տեղակայված թերթերից մեկի թղթակիցը «Թվիթեր»֊ում տեղադրել է լուսանկար՝ ցուցադրելով ոստիկաններին դիմակայելու ընթացքում վնասված, արյունոտ ձեռքերը։ Խմբագիր Ֆաթիհ Աքալանը, ինչպես նաև մի շարք այլ լրագրողներ, ապարդյուն փորձեր են կատարել ոստիկաններին հորդորելու դադարեցնել իրենց խմբագրությունների գրավումը։
Թուրքիայի իշխանությունները մի քանի վստահված անձանց նշանակել են որպես «İpek-Koza Holding»֊ի ղեկավարության փոխարինողներ։ Հոլդինգի 22 ընկերությունների, այդ թվում՝ «Bugün TV»֊ի, «Kanaltürk»֊ի գրավումը խիստ մտահոգություն է առաջացրել Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության իավիճակի վերաբերյալ։ Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների կողմից ԶԼՄ֊ների դեմ արշավն արժանացել է նաև եվրոպացի չինովնիկների ուշադրությանը։
«Հարգանքը մամուլի ազատության նկատմամբ Թուրքիայի՝ ԵՄ֊ին անդամակցության հիմնական պայմաններից է։ Կարևոր նշանակություն ունեցող ընտրություններին ընդառաջ երկրում տիրող մամուլի իրավիճակը մտահոգիչ է»,֊ երեքշաբթի «Թվիթեր»֊ում գրել է Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով հանձնակատար Կատի Պիրին։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մասնավորապես, հայտարարել է, որ «խմբագրությունների գրավումը գրաքննության՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործողություն էր, որի նպատակն է վերահսկել հանրային բանավեճերը» ընտրություններին ընդառաջ։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին, իր հերթին, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հարգել ժողովրդավարական արժեքներն ու հայտարարել, որ «մենք շարունակում ենք անհանգստանալ Թուրքիայում մամուլի ազատության իրավիճակի մասին»։