Հայկական բանակում 2010 թվականին զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերը՝ Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը դիմել են դատարան՝ պահանջելով պատժել իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:
2015 թվականի մայիսի 13-ին ոստիկանության աշխատակիցները բռնություն կիրառելով նախագահական նստավայրի դիմացից հեռացրել էին բողոքի ակցիա անցկացնող 5 ծնողների, որոնց թվում եղել են հայցվորները։ Ոստիկանների գործողությունների ընթացքում կանայք տուժել են նաև ֆիզիկապես, նրանց հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն այն կարճվել էր:
Քննիչի որոշումը բողոքարկվել էր Գլխավոր Դատախազությունում, սակայն դատախազը կարճելու մասին որոշումը հիմնավոր էր համարել: Այսօր մեկնարկած դատավարության առաջին նիստի ընթացքում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում է կայացրել գործն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանների դատարան այն հիմնավորմամբ, որ և՛ նախագահական նստավայրը, և՛ ՀՔԾ-ն գտնվում են Արաբկիրում:
Նիստից հետո դատախազ Պետրոսյանը, ով հրաժարվել էր ներկայանալ, Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է գործը կարճելու վերաբերյալ քննիչի և դատախազի որոշումները․ «Քրեական գործ հարուցելու համար բավարար հիմք կար, սակայն ոստիկանների նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար՝ ոչ: Քրեական գործը կարճվել է՝ անբավարար ապացույցների և հանցագործության բացակայության հիմքով»:
Իրինա Ղազարյանի և Նանա Մուրադյանի խոսքով, սակայն, քրեական գործ չհարուցելը քաղաքական որոշում էր, քանի որ տեսանյութից երևում է, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են կիրառում: Բռնության հետևանքները նաև արձանագրվել են դատաբժշկական փորձաքննությամբ: