Սյունիքի մարզի դատարանը գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար, սակայն այդ վճիռը կայացնելիս հիմնվել է միայն մարզպետի կնոջ, որդու և նրա աշխատողների ցուցմունքների վրա: Դատարանը մեղադրյալ Բուդաղյանի (հետագայում նա ազատվել է համաներմամբ) ցուցմունքը համարել է ոչ արժանահավատ՝ պատժից խուսափելու փորձ: Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ զրույցում, սակայն, ասել է՝ այդ դեպքում սուտ ցուցմունք տալու հիմք ունեին մարզպետի բարեկամները, ոչ թե Արտակ Բուդաղյանը, քանի որ, եթե Բուդաղյանի մեղքը չհաստատվեր, Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, բանտից ազատ չէր արձակվի և կմեղադրվեր քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Համաձայն գործի նյութերի՝ Տիգրան Խաչատրյանը կրակել է Արտակ Բուդաղյանի վրա՝ ինքնապաշտպանվելով։
Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ դատական նիստի ընթացքում պահանջելով ճանաչել Արտակ Բուդաղյանի անմեղությունը։ Փաստաբանը հայտարարել է, որ Բուդաղյանին մեղադրանքը առաջադրվել է միայն այն բանից հետո, երբ «որոշում է կայացվել՝ Տիգրան Խաչատրյանը չի դատվելու»։ Արտակ Բուդաղյանը պնդում է՝ ինքն այդ օրը սպառնալիքներ չի հնչեցրել:
Ալումյանի խոսքով՝ վկաների մի քանի ցուցմունքների համաձայն, Արտակ Բուդաղյանն ասել է՝ «վերացնելու եմ Դեզոյի ցեղը»:
«Դեզոն Սուրիկ Խաչատրյանի մայրն է,- տեղեկացրել է Ալումյանը։ – Այս գործով տուժողը Սուրիկ Խաչատյանի կինը Լորետտա Բարսեղյանն է, Խաչատրյանից բողոք չկա: Իսկ գործը հարուցելու համար բողոք է պետք տուժողից»:
Նախաքննության ընթացքում Լորետտա Բարսեղյանը հետևյալ կերպ է բացատրել բողոքն իր կողմից ներկայացնելու փաստը. «Իմ որդու դեմ սպառնալիքներն իմ անձնական գործն է, իմ ամուսնու դեմ սպառնալիքներն իմ անձնական գործն է»։
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են: