հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Ինչ խնդիրներ է լուծում սեռական կողմնորոշման հարկադիր բացահայտումը

Ինչ խնդիրներ է լուծում սեռական կողմնորոշման հարկադիր բացահայտումը

Epress.am-ի հարցերին պատասխանեց ԼԳԲՏ ակտիվիստ Վարդան Համբարձումյանը

– Ի՞նչ է աութինգը: Ի՞նչի համար է այն անհրաժեշտ և ե՞րբ է արդարացված:

– Աութինգը նույնասեռ ցանկություններ ունեցող, սակայն հոմոֆոբիա դրսեւորող հանրային անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հարկադիր բացահայտումն է: Եթե, օրինակ, նույնասեռ հակումներ կամ վարք ունեցող որեւէ հանրային անձ չի կարողանում համակերպվել իր սեռական անհատականության հետ, այսինքն՝ ունի ինտերնալիզացված (ներքին) հոմոֆոբիա, մի բան էլ դա ուղղորդում է այլ ԼԳԲՏ անձանց վրա, հոմոֆոբ կամ տրանսոֆոբ հայտարարություններ անում, ցուցադրաբար պայքարում ԼԳԲՏ անձանց դեմ, անդադար խոսում բարոյականությունից, ատելության խոսք տարածում եւ հասարկությանը լարում ԼԳԲՏ համայնքի դեմ, որպեսզի հանկարծ ոչ ոք չկասակածի իր իրական սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վրա, շատ բնական է, որ ստանում է համարժեք պատասխան ու աութինգի է ենթարկվում: Այստեղ կարեւոր է անձի հանրային լինելը եւ հասարակության կարծիքի վրա ազդելը:

Աութինգի արդարացվածության հարցը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Նախ, եթե մարդը պայքարում է ԼԳԲՏ անձանց եւ հավասարության դեմ, ապա ուղղակիորեն պայքարում է համամարդկային արժեքների դեմ, քանի որ հավասարությունը համամարդկային արժեք է:

Հաճախ աութինգը նպաստում է, որ հոմոֆոբ անձն աութինգից հետո ընդունի իր սեռական անհատականությունը:

Աութինգն արդարացված է նաեւ իրավական տեսանկյունից, քանի որ հանրային դեմքերի աութինգն արդարացնող ՄԻԵԴ որոշումներ կան: Բացի այդ, աութինգը բխում է հենց աութինգի ենթարկված անձի շահերից. հաճախ այդ անձանց սեռական կողմնորոշման բացահայտման սպառնալիքով շանտաժի են ենթարկում, իսկ աութինգից հետո նրանք այլեւս ազատ են:

– Ի՞նչ խնդիրներ է լուծում աութինգը: Արդյո՞ք հասարակությունը դառնում է ավելի հանդուժող ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ փաստերի հրապարակումից հետո։

– Բնականաբար աութինգը պարունակում է որոշակի ռիսկեր կապված աութինգի ենթարկված անձի ֆիզիկական անվտանգության ու հոգեկան բարեկեցության հետ: Այնուամենայնիվ, աութինգը ապահովում է մի քանի խնդիրներ:

Առաջինը՝ հասարակությանն ուղղված ուղերձն է, որով փորձում ես ցույց տալ, որ հենց հասարկությունում առկա հոմոֆոբիան ու անհանդուրժողականությունն են պատճառը, որ որոշ ԼԳԲՏ անձինք՝ վախենալով հակադրվել հասարակության կեղծ նորմերին, ստիպված են հանդես գալ հոմոֆոբիայի դիրքերից: Հասարակությունը պետք է գիտակցի սա եւ վերացնի անհանդուրժողականությունը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ:

Երկրոդը, ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված ատելության խոսքի նվազեցումն է: Աութինգով «չեզոքացնում» ես ընդդիմադիր կողմին, որը ներառում է ոչ միայն աութինգի ենթարկված անձին, այլ` նրա համակիներին: Իհարկե, դա ոչ միշտ է հաջողվում: Երբեմն, աութինգի ենթարկված անձիք դառնում են ավելի ագրեսիվ, սակայն, աութինգի ենթարկվելուց հետո նրա ուղերձներն այլեւս ազդեցություն չեն ունենում:

Երրորդը, աութինգի ենթարկված անձի ինքնաճանաչումն է. աութինգով ստիպում ես հոմոֆոբ գեյին դեմ-առ-դեմ կանգնել սեփական անհատականության հետ: Այդպիսի օրինակներ եղել են ԱՄՆ-ում, երբ աութինգից հետո հանրային դեմքերը ընդունել են իրենց սեռականությունը, եւ անգամ ներեղություն խնդրել հասարակությունից:

– Կա՞ որևէ մշակված մարտավարություն, երբ աութինգի ենթարկված հոմոֆոբը դառնում է բռնության թիրախ։

– Իհարկե, աութինգից հետո բարձր հավանականություն կա, որ անձը կենթարկվի ֆիզիկական եւ հոգեկան բռնության: Աութինգի ենթարկված հոմոֆոբ անձի իրավունքները նույնպես պետք է հարգվեն, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից: Պետք է հիշել, որ նրանք նույնպես մարդ են եւ չպետք է ենթարկվեն անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի:

Այստեղ կարեւոր է պետության դերը: Եթե պետությունն ապահովի սեռական առողջության եւ սեռականության մասին կրթությունը դպրոցում եւ համալսարաններում, ընդունի հակախտրականության եւ ատելության խոսքի դեմ ուղղված օրենսդրությունը, ստեղծի ապահով միջավայր եւ հավասար պայմաններ  ԼԳԲՏ անձանց համար, ապա ԼԳԲՏ անձանց ինքնաճանաչումն ու ինքնաընդունումը կընթանա բնականոն, ինչն էլ կնվազեցնի ԼԳԲՏ անձանց շրջանում ներքին հոմոֆոբիան եւ տրանսֆոբիան եւ, հետեւաբար, աութինգի դեպքերը:

Եթե կա հոգեբանական կամ ֆիզիկական բռնության սպառնալիք, ապա պետությունը՝ որպես իր քաղաքիացիների անվտանգության ապահովման երաշխավոր, պետք է գործի անմիջապես եւ պետք է ապահովի աութինգի ենթարկված անձի ֆիզիկական անվտանգությունը, առողջական եւ սոցիալական բարեկեցությունը: