Home / Հայաստան / Հիվանդություն, որով ադրբեջանցիները վարակվել են հայերից

Հիվանդություն, որով ադրբեջանցիները վարակվել են հայերից

Հոդված՝ Հնության մրցակցություն

Հեղինակ՝ Սեյմուր Բայջան

Հրապարակված է՝ azadliq.org

– Սրճարանում, որտեղ մտել էի մի կտոր հաց ուտելու, ակամա ուշադրություն դարձրեցի հեռուստացույցի էկրանին։ Էկրանին ցուցադրվող կադրերում մեկը զուռնա էր փչում, մյուսը՝ նագարա թմբկահարում, երրորդը՝ սազ նվագում, մեկը խորոված է անում, մյուսը՝ խորոված ուտում․․․

Երեք֊չորս հոգի քայլում է նավի փայտե մակետի ներսում, իսկ մյուս կողմից ծածանում են կապույտ սավան՝ իբրև ծովի ալիքներ։ Հինավուրց թրերով ու վահաններով ռազմիկներ, մոտոցիկլավարներ, օդապարիկ, Մաշադի Իբադի ու Սալյանի շրջանի տարածքում բնակվող կենդանիների խամաճիկներ․․․

Ու այս բոլոր պատկերները՝ իրար միախառնված։ Սարսափելի տեսարան էր։ Ամենախիզախ ու քմահաճ ռեժիսորն անգամ կնախանձեր այդ կադրերին։

Հետաքրքիր է՝ ի՞նչ առիթով։ Ի՞նչ տոն է։ Ո՞վ է վերադարձել կամ մեկնել երկրից։ Որտե՞ղ են հերթական անգամ գազ գտել։ Որտե՞ղ են նավթահանք հայտնաբերել։ Ուզում եմ իմանալ՝ այս անգամ ի՞նչ հաջողությունների ենք հասել։ Հետաքրքիր է՝ ի՞նչ աննախադեպ նվաճումներ է գրանցել մեր երկիրն ու ժողովուրդը։

Այդ իրարանցման պատճառն իմանալու համար երկար ժամանակ չպահանջվեց։ Պարզվում է՝ 2011 թվականին Սալյանի շրջանի Բաբաջանլի գյուղում պեղումների արդյունքում հայնտաբերվել էր շուրջ 20 դամբարան՝ կավե կարասների տեսքով։ Մեր գիտնականները պարզել են, որ այդ դամբարանները 2800 տարեկան են։ Ահա թե ինչով էր պայմանավորված աղմուկ-աղաղակը։

Նշվում էր Սալյանի շրջանի 2800֊ամյակը։ Այդ ամբողջ իրարանցման ու խորովածի ծխի մեջ զրուցեցին մի ռումինուհու հետ։ Կինն ասաց, որ իրենք նման հինավուրց տեղեր չունեն․ «Երբ վերադառնամ իմ երիկիր, բոլորին անպայման կպատմեմ այս վայրի մասին»։

Նրա խոսքերի պատճառով ես՝ որպես ադրբեջանցի, պատրաստ էի ամոթից գետինը մտնել։ Ինչպիսի՜ ծիծաղելի իրավիճակում ենք հայտնվել՝ օտարերկրացիները ծաղրում են մեզ։

Հավանաբար, այդ ռումինուհու խոսքերը լսած մարդկանց մեծ մասն ուրախացել էր․ տեսեք՝ ինչ հնագույն պատմություն ունենք, այնքան հին է, որ անգամ օտարերկրացիներին է զարմացնում։ Իրականում, ռումինուհու արտահայտությունն ամբողջովին համապատասխանում է անտարբերության փիլիսոփայությանը։ Նրանք թքած ունեն՝ գալիս են զբոսնելու։ Ուտում֊խմում են, երբեմն՝ մի փոքր գումար վաստակում, շողոքորթաբար գովասանքի մի քանի խոսք ասում։ Ժողովուրդը լսում է ու հրճվում։ Օտարերկրացիների խոսքերը հալած յուղի պես են ընդունում։

<…> Այդ խառնաշփոթի շարունակությունն ստիպված եղա դիտել մեկ այլ վայրում՝ մեկ այլ հեռուստացույցի էկրանին։ Փոխվեց հեռուստացույցի ապրանքանիշը, սակայն տեղի ունեցողի պատճառը, ավելի ճիշտ՝ ապրանքանիշը, նույնն էր։

Մի քանի ժամ անց կրկին նստած էի սրճարանում, իսկ էկրանին շարունակվում էր միջոցառման գեղարվեստական հատվածը։ Այս անգամ բեմում ֆոնոգրամայի ներքո ելույթ էին ունենում երգչուհիները՝ պտտվելով, իրենց ցուցադրելով։ Ոմանք հայրենիքին նվիրված բանաստեղծություններ էին կարդում, խոսում դրա նվաճումների մասին։ Առջևի շարքերում նստած ակնառու փողկապավոր տղամարդիկ ոչ միանշանակ հայացքով նայում էին նրանց։

Մենք վարակվում ենք հայերին բնորոշ հնության հիվանդությամբ։ Մենք շատ սխալ, չէ՝ խայտառակ ուղի ենք բռնել։ Կրկնում ենք հայերի սխալները։ Հայերը բոլորին արդեն հոգնեցրել իրենց հինավուրց լինելու մասին խոսակցություններով։ Վերածվել են ծաղրի առարկայի։ Հնության այդ հիվանդության պատճառով կասկածի տակ են դրել նույնիսկ իրենց պատմության մեջ իսկապես տեղի ունեցած իրադարձությունները։

Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք ևս ուզում հինավուրց լինել։ Այս հարցին պատասխան չեմ կարողանում գտնել։ Ամեն տարի ինչ֊որ տեղ դամբարան են հայտնաբերում։ Ամեն տարի ինչ֊որ տեղ հինավուրց բնակավայր է հայտնաբերվում։ Ու մենք ավելի ու ավելի հին ենք դառնում։ Գյանջայի տարիքը գրեթե ամեն տարի ավելանում է 500 տարով։ [Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ] Վասիֆ Թալիբովն արագ տեմպերով հնացնում է Նախչըվանը։ Այսպիսի արագությամբ ո՞ւր ենք գնում։ Այսպես, ի վերջո, կվերադառնանք քարանձավեր։ Իսկ հետո ո՞ւր։

<…> Ինչպե՞ս հասկանալ փոքր ժողովուրդների՝ մեկը մյուսից հին լինելու մրցակցությունը, իրենց հնության մասին ծիծաղելի լեգենդների ու հեքիաթների հորինումը։

Կարող ես քո պատմությունը կեղծել, սրտիդ ուզածի չափով հնացնել։ Ցավոք, թե բարեբախտաբար, սակայն դա որևէ կերպ չի ազդում իրականության վրա։ Իրականությունն այն է, որ հնության համար պայքարող ու իրենց անցյալով հպարտացող ժողովուրդները չունեն ներկա։ Ամեն տարի (իրենց անցյալով հպարտ) 50 հազար հայ, ավելի լավ կյանք ու օրվա հաց փնտրելով, լքում է Հայաստանը։ Ահա, խնդրեմ, հնությունը։ Կարագի փոխարեն քսիր հացին ու կեր։

Ամեն ինչ մեր ձեռքում է։ Եկեք Սալյանին ոչ թե 2800, այլ 28 հազար տարի վերագրենք։ Դա ի՞նչ է փոխում։ Եթե ինչ֊որ բան փոխում է, եկեք նշենք Գյանջայի հարյուրհազարամյակը։ Լավ, Նախչըվանն էլ թող միլիոն տարեկան լինի։ Փոխվե՞ց ինչ֊որ բան։

Ավելի լավ է՝ Սալյանը լինի 10 տարեկան, Գյանջան՝ 15, իսկ Նախչըվանը՝ 20, բայց մարդիկ ի վիճակի լինեն հաճախել կարգին մանկապարտեզ, կարգին դպրոց, լինեն աշխատավայրեր։ Թող Ադրբեջանը լինի զրո տարեկան, բայց մարդիկ ստանան կարգին թոշակ, չապրեն ահի ու սարսափի մեջ, չվախենան երեխաներին բանակ ուղարկել, վստահեն առողջապահությանն ու կրթությանը…

<․․․>