Հեղինակ՝ Նոնա Շահնազարյան
Դիրբորն-Միչիգանի համալսարան, ԱՄՆ
Հրատարակված է theanalyticon.com֊ում
Չբացված փաթեթավոր նվե՞ր, թե՞ խաղագնդակ։ Հիմենոպլաստիկայի դասերը Հայաստանում։ Վերջերս list.am կայքում հանդիպեցի մի տեղեկության, թե Հայաստան է ներկրվել արհեստական կուսաթաղանթի խմբաքանակ… Այսպես էլ ծնվեց սույն հոդվածը գրելու գաղափարը։
Կարմին խնձորի այլաբանությունը Կովկասի ողջ մշակութային տարածությունում կապակցվում է կուսության և անմեղության խորհրդանշի հետ և Հայաստանն, այս իմաստով, ամենևին էլ բացառություն չէ։ Համակովկասյան ավանդույթի համաձայն առաջին ամուսնական գիշերը հարսի «պիտանելիության» լուրջ փորձություն է։ Դրանից կախված է կնոջ ողջ ապագան։ Եթե նա «անաղարտ» է ճանաչվում, ապա նրա ծնողներին պատվավորապես կարմիր խնձոր ու խորհրդանշական կարմիր ժապավեններով պատված հայկական կոնյակ են նվիրում։ Հայաստանյան շրջանների անհույս գյուղական բնակավայրերում նորապսակի մոր նախաձեռնությամբ ամուսնական սավանը հրապարակավ կախվում է դրսում՝ ի ցուցադրություն հարևանների։ Ի՜նչ ահավոր է՝ կասեր իմ դուստրը։
Ի՞նչ է թաքնվում այս ցուցադրամետ երևույթների հետևում։ Հայրիշխանական գաղափարախոսության գերիշխանությո՞ւնը, դարավոր սովորույթների լճացո՞ւմը, տիրապետող առնականության և կանանց վրա սոցիալական գերիշխանության գաղափարներով զոմբիացո՞ւմը։ Սա նախնիների սրբազան ավանդո՞ւյթ է, թե՞ տղամարդկանց նարցիսական ինքնասիրահարվածությունը սնուցող պարարտ դաշտ։ Թե՞ սա գենդերային կարգի մշակութային կոդ է։ Այստեղ ավելի շատ հարցեր կան, քան՝ պատասխաններ։
Եթե գոյություն ունի ապագծայնությամբ (ասիմետրիզմի) աչքի ընկնող անարդար կանոնը (կանանց կուսության նկատմամբ բռնարար վերահսկողություն), ապա կգտնվեն նաև նախամուսնական անմեղության կորստի համար պատասխանատվությունից խուսափելու հնարքներ և միջոցներ։ Խոսքը կուսությունը վերականգնող վիրաբուժական միջամտության մասին է, որը կոչվում է հիմենոպլաստիկա։ Վիրաբույժ գինեկոլոգների մոտ հերթեր են գոյանում և դա, հիմնականում, հայտնի փաստ է։ Այնուամենայնիվ, հասկանալի պատճառներով սա արգելված թեմա է։ Ի հեճուկս սոցիալական ցանցերում այսպիսի վիրաբույժներին գնդակահարելու տարերայնորեն հնչող կոչերի՝ Հայաստանում բժիշկ-գինեկոլոգների խնդիրը զուտ բանական շուկայական տեսանկյունից են դիտում. եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ։ Ոչ մի բարոյական երկընտրանք։ Ես այս կանանց կողմն եմ։ Դրանում ես իմ մարդասիրական առաքելությունն եմ տեսնում։ Դա ոչ մեկին չի վերաբերվում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա, այնուամենայնիվ, նրան վերաբերվում է, ապա թող խառնվի նաև այն ժամանակ, երբ հենց նոր ամուսնացած և առաջին ամուսնական գիշերը անմեղությունը կորցրած կանայք մեզ մոտ են գալիս սեռավարակների ողջ փնջով։ Այն հարցը, թե ո՞րտեղից են հայտնվել այդ հիվանդությունները, բնականաբար, հռետորական է՝ ասում է անանուն գինեկոլոգը։
Մի երևանցի կին խոստովանել է, որ չի ափսոսում կատարած վիրահատության համար։ Իմ մեղքը չէ, որ տղամարդիկ, բարձր մշակույթի կրող լինելու մասին խոսելիս, իրենց գիտակցության մեջ շարունակում են ապրել քարանձավային դարում։ Կողպվա՞ծ, թե՞ բացված նվեր. ահա՝ վեճի առարկան։ Ինքս երբեք թույլ չեմ տա իմ անցյալը տնտղել։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքն իրեն պաշտպանել. դա ինքնապաշտպանության սովորական բնազդ է։ Թե չէ, կարծես թե, ինկվիզիցիա լինի և վհուկների որս։ Մենք ո՞ր ժամանակներում ենք ապրում։ Ես նվեր չեմ. ես մարդ եմ։
Սակայն, պատահում են նաև ողբերգազավեշտային միջադեպեր։ Երևանում մի աղջիկ, սիրած տղայի հետ հարաբերությունների ապագայի համար վտանգ զգալով, կուսաթաղանթի վերականգնման վիրահատություն է կատարում, քանի որ հրավիրվել էր սիրածի մոր հետ ծանոթանալու։ Ողբերգական պատահականությամբ տղայի մայրը հենց այն բժիշկ գինեկոլոգն էր, ով ընդամենը մի քանի օր առաջ նրան կուսաթաղանթի վերականգնման վիրահատություն էր կատարել։ Աղջկան անմիջապես վռնդել են կարճատև լռելյայն տեսարանից հետո։ Ոչ ոք չհետաքրքվեց էլ, թե նրա հետ հետո ինչ պատահեց։ Մինչդեռ իրավիճակը գնալով լրջանում է՝ վաղեմի ամուր համակարգը ճաքեր է տալիս։
Միակողմանի մաքրության քնարականությունը։ Ինչպե՞ս է կարմիր խնձորը ազդում մեր կյանքի որակի և մեր իսկ վրա։ Մայրաքաղաքում դրա մասին, այնուամենայնիվ, մտորում են։ Երևանում ապրում և ստեղծագործում է մի հրաշալի երգչուհի՝ Զառա բեմական անունով։ Նա աչքի է ընկնում իր արտասովոր և համարձակ քաղաքացիական ու մշակութային դիրքորոշումներով՝ ազգային բարդույթները հաղթահարելու և իր հասարակության բոլոր անդամների կյանքն ավելի արժանապատիվ դարձնելու աննահանջ ու աննկուն ցանկությամբ։ Նրա «կարմիր խնձոր» երգի բառերը և տեսահոլովակի կրկնվող կադրերն այնքան լավ են բացահայտում դրանցում պարփակված ուղերձը, որ այն միանգամայն հասկանալի է անգամ հայերեն չիմացողների համար։ Սկզբի կադրերում տեսնում ենք ավանդական հայկական տարազ հագած մարտնչող պառավներին, որոնք «արյունարբու» հրճվանքով ցուցադրում են խլված կուսության հետքեր կրող սպիտակ սավանը (գյուղական համայնքի անդամները միշտ ագրեսիվորեն պայքարել են համայնքային կյանքի ամենաինտիմ ոլորտների մեջ ներխուժելու հնարավորության համար՝ ինքնամոռաց ոգևորությամբ հրապարակայնորեն ցուցադրելով անհատի կյանքի ամենաանձնական հանգամանքները)։ Հիշյալ տեսահոլովակի վերջին կադրն, ընդհակառակը, ցուցադրում է սգո սև ժապավենով գոտևորած կարմիր խնձորի «թաղումը»։ Քո սոցիալական վերջն եկել է. այսպիսին է տեսահոլովակի բուն ուղերձը։
Հեռավոր 1995թ. ես պատահաբար մի զրույցի ականատես եղա, երբ երևանցի երիտասարդ կանանցից մեկը հանրային տրանսպորտում նոր ճանաչած և իրեն տարեկից ամերիկուհուն առիթ է ունեցել, գուշակե՛ք, թե ի՞նչ հարց տալ. ձեզ մոտ Ամերիկայում կարմիր խնձորի ավանդույթ կա՞։ Ամերիկուհին դեմքի զարմացած արտահայտությամբ պատասխան հարց է ուղղել, թե դա ի՞նչ է։ Նախկին ԽՍՀՄ-ում՝ փակ պողպատե վարագույրից այս կողմ ապրած երիտասարդ կնոջը լրջորեն հենց այդ հարցն էր հուզում։ Կարծում եմ, որ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։
Ինքնազգագրություն. հիմենոպլաստիկան՝ որպես կրավորական պայքարի ձև։ Հիմենոպլաստիկան գնահատել փորձելու ժամանակ մարդկանց մեծ մասի մոտ նախ առաջանում է երևույթը որպես «կեղծավորություն» որակելու միտումը։ Այստեղ առկա է առնվազն երկու՝ կանացի մաքրության և մեր դարավոր ավանդության մասին հռետորաբանությունների ընդհարումը։ Դրան զուգահեռ, որպես խորհրդային պետական ֆեմինիզմի ծնունդ, առաջանում է կանացի էմանսիպացիայի և հասարակության իրավահավասար սուբեկտների սեռական ազատության տրամախոսությունը (դիսկուրսը)։ Այլ կերպ ասած, խոսքը երկու հավերժորեն հակամարտող՝ ավանդականամետ և արդիականամետ պատմույթների (նարատիվների) ընդհարման մասին է։ Ընդ որում, ամուսնական շուկայում առաջին հայացքից լավ պահանջարկ է վայելում երկու տրամախոսությունն էլ։ Սակայն, ի վերջո, նախապատվությունը տրվում է ավանդույթի տառին, ուստի առաջին ամուսնական գիշերվա քննությունը հաջողությամբ հանձնելը երիտասարդ կնոջ համար գրեթե միակ միջոցն է ընտանիք կազմելու, երեխաներ ծնելու և (հայրիշխանական մեծամասնության տեսանկյունից) հասարակության լիարժեք անդամ դառնալու համար։
Հասարակությունն այնքան է «շեղվել» «կանացի կուսության պաշտամունքի» շուրջ, որ հիշյալ ավանդույթը մեղմացնելու և իրավիճակից օրինական ելքեր որոնելու ամենամարդասիրական ձգտումները բախվում են խուճապի, կասկածամտության ու անընկալունակության։ Սակայն, թույլ տվեք հիշեցնել, որ կուսությունն այս աշխարհում նաև տղամարդուն է վերաբերվում։ Երբեք չե՞ք լսել. բնավ զարմանալի չէ. երկակի չափանիշներով առաջնորդվող հասարակությունում դրա մասին չեն խոսում։ Շատ անհարմար է։ Ավելի հեշտ է ապրել թերասացությունների մշուշոտ ստվերում։ Եվ ի՞նչ կարելի է ասել. որ կան կյանքի տիրակալնե՞ր, ճակատագրի «բալիկնե՞ր» և նրանց ենթակա քավության նոխազնե՞ր, որոնց վիճակված է անընդհատ արդարանալ. որ կան սեռական ցանկության սուբյեկտնե՞ր և այդ նույն ցանկության և հաճույքի թշվառ առարկանե՞ր։ Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր դերը. ամեն ոք սկզբունքորեն պետք է կարողանա ընտրել։ Բայց այստեղ իր իրավասությունների մեջ է մտնում նորին արքայական մեծություն ավանդույթը՝ ադաթը։ Յուպիտերին թույլատրված ամեն ինչը չէ, որ թույլատրված է եզանը… Սակայն, այստեղ էլ իրավիճակը միշտ այնպիսին չէր, ինչպիսին որ այսօր է։ Հայ մարդաբան Գայանե Շաղոյանի կարծիքով՝ ուրբանացման հաղթարշավից առաջ գյուղական համայնքում պահանջվում էր ամուսնացող երկու կողմերի անմեղությունը։ Այս մոտեցումն իր մեջ շատ ավելի մեծ հավասարության և արդարության լիցք էր պարունակում։ Այսօր այս չգրված կանոնները տարօրինակ այլափոխությունների են ենթարկվել, քանզի այժմ մշտապես մեղավոր է միայն կողմերից մեկը։
Ազգային գաղափարի պահապանները համարում են, որ կարմիր խնձորի և կանացի մաքրության ողջ տրամախոսության (դիսկուրսի) քննադատությունը էթնոշմակութային ինքնության դեմ ուղղված իրական վտանգն է։ Այս հաստատման հետ կարելի է վիճել, ընդ որում, չի հերիքելու ոչ միայն թուղթը, այլև՝ ցանցային տարածությունը։ Փաստարկներն անթիվ-անհամար են։ Բայց այսօր մենք կբավարարվենք միայն գլխավոր փաստարկով՝ կորչեն երկակի չափանիշները։ Եթե ինչ-որ մեկն աչառու կերպով պնդում է կարմիր խնձորի անփոխարինելիությունն ու անսասանությունը, ապա ընդդիմախոսները չեն առարկում։ Խնդրեմ, պահպանեք պապերի սրբազան ավանդույթը։ Բայց ընդդիմախոսներն ունեն հակադիր պահանջ. ստեղծեք տղամարդու կուսության և հավատարմության վերահսկողության մեխանիզմ՝ տղամարդկանց պարտավորեցնող կարմիր խնձորի համարժեքը։ Աշխատեցրեք ձեր հնարամիտ երևակայությունը, ինչպես որ այն գործել է կանանց նկատմամբ ողջ մարդկային պատմության ընթացքում։ Արեք սա այժմ, քանի որ Նրա Արժանապատվությունը, Պատիվն ու Առողջությունը նույնպես պաշտպանության կարիք ունեն։
Հետգրության փոխարեն։ Հայաստանում ՁԻԱՀ-ով և այլ սեռավարակներով տառապող կանանց և երեխաների ճնշող մեծամասնությունը վարակվել են իրենց ամուսինների և հայրերի կողմից…
Հայաստանը վավերացրել է կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնց թվում են Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (Convention on the Elimination of all forms of Discrimination — CEDAW) և ՄԱԿ ԱԽ թիվ 1325 բանաձևը։ Բացի դրանից, Հայաստանի Սահմանադրությունը գենդերային հավասարությունը սահմանող և հաստատող փաստաթուղթ է։ Այնուամենայնիվ, կնոջ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը շարունակում է մնալ տաբուի տակ, քանի որ այս հարցը կարգավորվում է ոչ թե միջազգային պայմանագրերով, այլ հասարակական արժեքների և վարքագծային կանոնների էվոլյուցիոն վերափոխմամբ։ Իսկ դուք չե՞ք կարծում, որ այս հարցերը պետք է քննարկել սոցիալական փոխգործակցության բոլոր հարթակներում։ Եվ առանց տաբուների։