Ինժեներ Վարդգես Գասպարիին այսօր դատարանի դահլիճ են բերման ենթարկել ժամը 12։00-ի սահմաններում շտապօգնության մեքենայով։ Նախորդ դատական նիստերից առաջ, որոնց Գասպարին հրաժարվում էր մասնակցել, Գասպարիին դատարան էին տանում ոստիկանական մեքենայով։
«Ոստիկանները չմեկնաբանեցին ինձ 3 ժամ շուտ բերման ենթարկելու պատճառը։ Դա օրենքի խախտում էր, որովհետև ինձ բերման ենթարկելու ժամը նշանակված էր 3-ին։ Նրանք չմեկնաբանեցին նաև այն, թե ինչո՞ւ են ինձ բերման ենթարկել շտապօգնության մեքենայով, ինչը ապացուցում է, որ բուժհաստատությունը հանդիսանում է ոստիկանության ենթակառույցը և կատարում է դրա ցուցումները։ Ոստիկաններն ինձ պատգարակի վրա թողել էին դատարանի ներսում, բայց ես իջա պատգարակից և գետնին պառկեցի, որ մեքենան գնա, իր նպատակին ծառայի», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Գասպարին։
Նշենք, որ ինժեները բոյկոտում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Ինժեներն ասել էր, որ չի վստահում դատավոր Նելլի Բաղդասարյանին և որևէ արդարադատության սպասելիք չունի։ Նա նաև խնդրել է իր փաստաբաններին չմասնակցել դատական նիստին, որից հետո դատարանը Գասպարիին հանրային պաշտպան տրամադրելու և ամեն անգամ նրան դատարանի դահլիճ բերման ենթարկելու որոշում է կայացրել։
Համաձայն մեղադրանքի՝ Գասպարին վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ։