Հոդված՝ «Գուլիվեր» կամ սվիֆթյան անհամեստ մարդասիրությունը
Հեղինակ՝ Արամ Պաչյան
Ալտերնատիվ աշխարհներ ստեղծելը (համեմատության մեջ) իրականության կենսագրությունը վերծանելու հնարավորություն է ընձեռում, երբ ամեն ինչ նոր է, անճանաչելի՝ սովորույթները, բարքերը, մարդկային մարմնի ու գիտակցության օրգանական հատկությունները, վերջապես լեզվի օտարությունը, որին ամեն առիթով ջանասիրությամբ քննում ու բանեցնում է համաշխարհային գրականության ամենացանկալի, իսկ ներկայում ֆիլմային վերարտադրությանն առավել հարմար հերոսներից մեկը մասնագիտությամբ բժիշկ՝ Լեմյուել Գուլիվերը, ով իր տիրոջ` Ջոնաթան Սվիֆթի հաճությամբ ընդամենը մի հետաքրքրական կողմ ունի՝ Ճամփորդելու և տեսածը մանրամասնորեն շարադրելու մոլուցք:
«Գուլիվերի ճանապարհորդությունները» Սրբ. Պատրիկի տաճարի ավագ քահանա Ջոնաթան Սվիֆթի վերջին ամենածավալուն պամֆլետն էր՝ գրված հայրենի Իռլանդիայում, որտեղ կիսաաքսորականի կարգավիճակում սպասում էր, որ վերջիվերջո իրեն կշնորհվի այդքան ցանկալի եպիսկոպոսի կոչումը: Տասնամյակներ շարունակ լինելով անգլիական միապետության կարևորագույն դեմքերից մեկը` քաղաքական ակտիվիստ, բանակռիվների փայլուն վարպետ (նրա մոտ խորհուրդներ հարցնելու էին գնում պաշտոնատար անձինք, կրոնականներն ու աշխարհիկները)` կյանքի ավելի հասուն շրջանում Սվիֆթն իրեն խաբված ու անտեսված էր զգում: Տարիների ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց պարտքերն չէին վերադարձվել: Ինքը վերադարձրեց:
«Գուլիվերն» անշուշտ իշխանության ու մարդկային բնույթի արատավոր հատկանիշները մերկացնող Սվիթֆի ավարտական ու ընդլայնված ծաղրն էր: Իր «Գրքերի ճակատամարտը» պամֆլետում Սվիֆթը այսպիսի տող ունի՝ «Երգիծանքը հայելի է, որի մեջ յուրաքանչյուր ոք, բացի իրենից, տեսնում է բոլորին»: Աշխարհից աշխարհ տեղափոխվող Գուլիվերը կարծես միտումնավոր զրկված է ներհայեցողական ունակությունից, չունի անհատականություն, դատարկ, կամազուրկ խաղաքար է, որի առաքելությունն է տեսնել այլաշխարհներ և այլաշխարհներով բացատրել մարդկային անկատար քաղաքակրթության, առհասարակ մարդկային էության ստորին կարգը:
Եվ ահա այդ «Երգիծանքի հայելու մեջ» Գուլիվերը, բացի իրենից, տեսնում է բոլորին: Թվում է` սրանով Սվիֆթը ցույց է տալիս, որ անգամ ապուշն իր չնչին արարքներով, իր կարճամտությամբ ու տկարությամբ կարող է քողազերծել կեցության բացասական կողմը՝ «Մի մարդ, որ ընդունակ է պարզապես միզելու միջոցով (նա չի կարող առանց զզվանքի հիշել դրա մասին) հանգցնել նորին մեծության կայսրուհու ապարանքի հրդեհը, մի այլ ժամանակ նա ընդունակ կլինի նույն ձևով հեղեղ առաջացնել և ամբողջ պալատը ջրի տակ անել, թե այն ուժը, որ հնարավորություն տվեց ձեզ բերելու թշնամու նավատորմը, դժգոհության առաջին դեպքում կծառայի ձեզ՝ ետ տանելու, վերջապես թե նա ունի հաստատ պատճառ կարծելու, որ դուք ձեր սրտում բութծայրական եք…» (էջ 78 «Գուլիվերի ճանապարհորդությունները», Երևան 2013, «Անտարես» հրատարակչություն, թարգմանությունն անգլերենից՝ Կարեն Միքայելյանի):
«Բութծայրականի» բեռնանիշն ուսերին` Գուլիվերը չորս անգամ հայտնվում է պարադոքսների ու ավելազանցումների աշխարհում՝ (Լիլիպուտիա, Բրոբդինգնեգ, Լապուտա, Հուիհընհընմների երկիր), որոնք իրենց բնակիչներով՝ մերթ թզուկներ, մերթ հսկաներ, մերթ ձիանմաններ, իրենց ֆանտազմային թագավորություններով (որոնց մեջ կա նաև Ճապոնիան) որքան էլ խիստ տարբեր են, այնուամենայնիվ, ինչ-որ կետում նույնականանում են:
Եվ Սվիֆթի համար այդ կետը քննադատությունն է:
Բարոյախոսի պերճ տոնը թոթափած անողոք քննադատություն Անգլիայի թագավոր Գեորգ Առաջինի, Տորերի ու Վիգերի (բարձրակրունկների և ցածրակրունկների) կուսակցությունների հակամարտության, կաթոլիկների ու բողոքականների կրոնական տարաձայնությունների հանդեպ: Քննադատություն ուղղված մարդկային ագահությանը, չարությանը, իշխանատենչությանը՝ «Ոչ ոք ինձ այնպես չի զայրացնում ու վիրավորում, ինչպես թագուհու թզուկը, որն ամբողջ երկրում ամենակարճահասակ մարդը լինելով (իմ կարծիքով նրա բարձրությունը երեսուն ոտնաչափ էլ չկար), իրենից ավելի կարճ արարած տեսած ժամանակն ամբարտավան էր դառնում, ուստի ամեն անգամ, երբ անցնում էր թագուհու նախասենյակը, գոռոզանում և բարձրից էր նայում, իսկ երբ տեսնում էր ինձ սեղանի վրա կանգնած և արքունիքի լորդերի և լեդիների հետ խոսելիս՝ միշտ առիթը բաց չէր թողնում իմ պստիկության վերաբերյալ մի քանի կծու խոսք ասելու: Այնինչ՝ նրանից վրեժս կարող էի միայն լուծել՝ նրան իմ եղբայրը անվանելով, ըմբշամարտի հրավիրելով և սրամիտ պատասխաններ տալով, մի բան, որ սովորաբար անում են պալատական մանկլավիկները» (էջ 124-125):
Հսկաների աշխարհում հայտնված երկու թզուկ ողորմելի մենիշխանության համար չեն հանդուրժում միմյանց: Սվիֆթի անզուգական հումորը շաղախում է ֆարսային իրավիճակներ, որոնք չունեն դաստիարակչական, սովորաբար մանկավարժական նպատակներ` (Մարդկանց դաստիարակելու համար գրականության պատմության մեջ չգիտես ինչու ահարկու միզանտրոպի համբավ վայելող Սվիֆթը չափից դուրս շատ է սիրում նրանց, կարելի է ասել լցված է անհամեստ մարդասիրությամբ, դեռ վաղ գործերից սկսած՝ «Գրքերի ճակատամարտը» (The Battle of the Books, 1697), «Տակառի հեքիաթը» (A Tale of a Tub, 1704), «Օրագիր Ստելլայի համար» (The Journal to Stella, 1710—1714) սակայն ռաբլեական ավանդույթը կրող խնդալիքը ցինիզմի ասպարեզ ամենևին չի մտնում: Սվիֆթի ծաղրուծանակը մարդկային անփառունակ կյանքի համար ցավից ծնված ճշմարտության հենքն է: Լորդ Բալընբրոքը նրա ատելությանը չէր հավատում՝ «Իրականում, եթե մարդկությանն ատեիք երբեք այսպիսի ցասումով չէիք հարձակվի նրա վրա»: Ռումինացի փիլիսոփա, էսսեագիր Էմիլ Չորանը կարծում էր, թե Սվիֆթի մարդատյացությունը պայմանավորված է եղել ծանր ականջացավերի և այլ հիվանդությունների հետ:
Ինչևէ, սվիֆթյան մարդամերժությունը վաղուց պատկանում է ծայրահեղությունների և միֆաստեղծումների բավականին փոփոխամիտ աշխարհին: Փաստն այն է, որ «Գուլիվերի» վերջին մասը՝ «Ճանապարհորդություն Հուիհընհընմների երկիր», ամբողջովին ապստամբություն է սեփական հայացքների դեմ: Ի տարբերություն մյուսների՝ ձի-հուիհընհընմները օժտված են առաքինություններով՝ բարեկիրթ են, հյուրասեր, կարգապահ, չունեն օրենքներ, իշխանություն և հարստություն, չգիտեն, թե ինչ է սուտը, կեղծիքը, պատերազմն ու ավերածությունները: Ապրում են հավասար պայմաններում: Սա միակ աշխարհն է, որտեղ Գուլիվերը ցանկանում է մնալ և լինել հուիհընհընմներից մեկը, ապրել նրանց մեջ: Վերադառնալով հայրենիք նա որոշում է ընտանիքին դաստիարակել հենց հուիհընհընմների սովորույթներին համապատասխան: Բայց և այնպես «Գուլիվերի» վերջին մասը անհավանական է թվում. անհավանական, քանի որ Սվիֆթը բացահայտ խոսում է առաքինությունների ԳՈՅՈՒԹՅԱՆ մասին, որ գտել է ձիերի մեջ, որոնցից կարող են սովորել մարդիկ: Մի՞թե սա սեր չէ: