«Մենք հասկանում ենք, որ ինչ էլ անենք ընտրական օրենսգրքի հետ, մեկ է` իշխանություննէ իր կեղծիքն անելու է։ Մեր նպատակը այդ կեղծարարության դաշտի նեղացումն է», – այսօր «Մեդիա կենտրոն»-ի` «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպած ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ վերջին հանրաքվեն մի մեծ դրական դեր է ունեցել հայաստանցիների կյանքում, երբ բոլորը ակնհայտորեն տեսան, որ ժողովուրդը մի կերպ է քվեարկել և հայտարարվել է բացարձակ այլ արդյունք։ Զուրաբյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը այլևս չի հավատում, որ արդար ընտրություններ կլինեն և ինչ-որ մի բան կփոխվի ընտրությունների միջոցով։
«Հարց է առաջանում` այս իշխանություններից ազատվելու միակ հնարավորությունը իրոք ահաբեկչությու՞նն է։ Այդ տեսակետը գնալով արմատանում է։ Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է քննարկենք` կարելի՞ է ինչ-որ բան անել՝ ոչ թե ահաբեկչությամբ, այլ քվեաթերթիկով փոխել իշխանությանը։ Մենք իրականում ուզում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից, որովհետև, եթե ժողովրդի կամարտահայտության միջոցը փակում են, ինքն է սկսում թելադրել իր միջոցները»,- ասել է Զուրաբյանը։
Պատգամավորը շեշտել է նաև, որ շատ զարմանալի է իշխանությունների կեցվածքն այս հարցի հետ կապված։ «Հարց է առաջանում` ինչո՞ւ չեն եկել այս քննարկմանը։ Նրանք ունեն նախագիծը և ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Եթե ազնիվ իշխանություն լիներ, կբանակցեր ընդդիմության հետ, կփորձեր գալ նախնական նախագծի, նոր ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Բայց նրանք ուզում են իրենց թիկունքն ամրապնդել, ուզում են նախագծի համար «դաբրոներ» ստանալ: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը անազնիվ է և ուզում է նորից ընտրությունները կեղծել»,- ասել է Զուրաբյանը:
Պատգամավորի խոսքով` այժմ միակ միջոցը կեղծարարության դաշտի նեղացումն է. «Սա մի մաֆիա է, մեր նպատականը պետք է լինի ջարդել այդ պատը։ Եթե իշխանությունները ի վիճակի են կեղծել կես միլիոն ձայն, պետք է առանցքային հեղափոխական փոփոխություններ ընդունվեն, որոնք գոնե էապես կնեղացնեն ընտրակեղծիքների դաշտը»։
Ըստ Զուրաբյանի` պետք է հրապարակվեն ստորագրված ընտրացուցակները և ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրվեն։