Հայաստանում 4 անգամ ավելի շատ օրենքներ ընդունում են արտահերթ նիստերի ընթացքում, քան հիմնական քառօրյաների։ Այդ օրենքները ընդունվում են կես ժամում, որ ոչ մեկը չկարողանա ըստ կարգի քննել և ուսումնասիրել դրանք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Ըստ մոնիթորինգի պաշտոնական արդյունքների՝ ԱԺ 8-րդ նստաշրջանում ընդունված 112 օրենքներից 90-ը ընդունվել են արտահերթ նիստերի ժամանակ։ «Սա օրենքների ընդունման հատուկ ու թաքուն մեխանիզմ է։ Թըփ-շըփ ընդունում են, որ ոչ մեկը չկարողանա ուսումնասիրել։ Առհասարակ օրենքի նախագիծ քննելը միջինը տևում է մեկ ամիս, իսկ հիմա ժամ ու կեսում են ընդունում»,- ասել է պատգամավորը։
Պատգամավորը ընդգծել է, որ եթե նախորդ տարիներին ավելի շատ էին քննվում օրենքներ կրթության, սոցիալական բնույթի հարցերի վերաբերյալ, ապա հիմա դրանց թիվը կտրուկ նվազել է։ Մեծամասամբ ֆինանսական բնույթի օրենքներ են քննվում և ընդունվում։
«Մեր խորհրդարանը ֆինանսա-տնտեսական օրենքների առումով դարձել է Կառավարության կցորդը։ Մի քանի ժամվա ընթացքում վերցնում են կես միլիարդ դոլար վարկ։ Վերջին շրջանում արդեն 14 վարկային միջազգային համաձայնագիր են քննել և ընդունել»,- շեշտել է Մանուկյանը։
Վերջինս ուշադրություն է հրավիրել նաև այն հարցի վրա, որ իշխող կուսակցության պատգամավորները բոլոր օրենքների ընդունմանը կողմ են քվեարկել։ «Այն երկրում, որտեղ 6500 քվեարկության դեպքերում միայն 2 անգամ են շփոթվում ու դեմ քվեարկում, ապա արդեն այդտեղ չկա խորհրդարան։ Կառավարությունը ամբողջությամբ իր ձեռն է վերցրել օրենքների բովանդակությունը, իսկ պառլամենտին բան չի թողել։ Սաղ իր ձեռքում է, բայց ասում էին ընտրություններից առաջ պառլամենտի դերը մեծացնելու են»,- ասել է պատգամավորը։