ՀՀ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ ՊՆ-ն իրավունք ունի տեղեկատվություն չտրամադրել զինված ուժերում գրանցված արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ: Այսօր կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության՝ պատահարների մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջով հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության: Կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ սպառելով Հայաստանի բոլոր դատական համակարգերը՝ իրենք դիմելու են ՄԻԵԴ:
Առաջին անգամ «Խաղաղության երկխոսությունը» ՊՆ֊ի դեմ հայց էր ներկայացրել դեռևս 2015-ի փետրվարին այն բանից հետո, երբ 2014-ին նախարարությունը սկսեց տեղեկատվություն չտրամադրել բանակում մահվան ելքով դեպքի մասին։ Դատական հայցին ՊՆ-ն պատասխանել էր միայն 8 ամիս անց՝ հիմնավորելով, որ, ըստ Պաշտպանության նախարարի, 2015 թվականի օգոստոսին ուժի մեջ մտած հրամանի՝ մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվություն ենթակա է գաղտնագրման: Կազմակերպությունը դիմել էր դատական՝ վիճարկելու վերոնշյալ հրամանը:
ՀԿ֊ն պնդում է, որ հրամանը հակասահմանադրական է, քանի որ զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների մասին տեղեկությունները «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի դրույթով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառված չեն։ Ըստ ՀԿ֊ի՝ այդ տեղեկության գաղտնագրումը չի տեղավորվում օրենսդիրի կողմից սահմանված ձևակերպումների մեջ և չի ապահովում օրենքի դրույթների իրականացումը:
Այդ փաստարկները, սակայն, հայաստանյան դատարանի համար բավարար չեն եղել, և այսօրվա վճիռը կայացվել է ի օգուտ ՊՆ֊ի։
Ավելի վաղ «Խաղաղության երկխոսության» ղեկավար Էդգար Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՊՆ-ի նման քայլը միտում ունի բանակն «ավելի փակ ու ոչ թափանցիկ դարձնել»: