Home / Հայաստան / Ոստիկանությանը պարտավորեցրել են կես միլիոն դրամ վճարել Լևոն Բարսեղյանին․ նա շարունակելու է պայքարել

Ոստիկանությանը պարտավորեցրել են կես միլիոն դրամ վճարել Լևոն Բարսեղյանին․ նա շարունակելու է պայքարել

Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը որպես բարոյական վնասի փոխհատուցում կես միլիոն դրամ վճարել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին՝ նրան ապօրինի ազատությունից զրկելու համար:

Բարսեղյանը հինգ տարի առաջ Անկախության օրը շքերթին ռուսական զորքի մասնակցության դեմ ակցիա էր անցկացրել Երևանում։ Իրեն առանց որևէ հիմնավորման ոստիկանական բաժին տանելու համար նա պահանջել էր մեկուկես միլիոն դրամի փոխհատուցում, սակայն դատարանը հայցը մասնակի է բավարարել և ոստիկանությանը պարտավորեցրել՝ կես միլիոն դրամ վճարել։

Azatutyun.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանը նշել է, որ քանի դեռ ամբողջությամբ չի բավարարվել իր պահանջը՝ ինքը շարունակելու է պայքարն ու բողոքարկելու է որոշումը մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Լևոն Բարսեղյանն ու քանդակագործ Առնո Կուռը ակցիա էին կազմակերպել՝ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շքերթին Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի զորքերի մասնակցության դեմ:

Ակցիայի ընթացքում ոստիկանները առանց հիմնավորման ձերբակալել էին Լևոն Բարսեղյանին։ Դեպքից հետո Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, թե ակցիայի երկու մասնակիցներին «հրավիրվել են ոստիկանության Կենտրոնի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով»:

Բարսեղյանը, սակայն, պնդել էր, որ իրենք Ոստիկանություն են տարվել իրենց կամքին հակառակ, և ոստիկանները, երեք ժամ իրենց պահելով, ոչինչ չեն ճշտել և նման ձևակերպում են հրապարակել, որովհետև հիմքեր չեն ունեցել դա անել և այդպիսով խափանել են երթը: