Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հետևելով նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգին, հրամայել է մարտի 15-ից սկսել ՌԴ զինված ուժերի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայից:
Շոյգուի հրամանի մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ պարզաբանելով, որ ռուսաստանյան օդանավերը Սիրիայի «Հմեյմիմ» ավիակայանից թռիչքները դեպի Ռուսաստան իրականացնում են խմբերով:
Սիրիայից զորքերը դուրս բերելու հրամանը Պուտինը հնչեցրել է երեկ՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ «ՌԴ Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են»: Միևնույն ժամանակ, «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի հաղորդմամբ, ռուսաստանցի նախագահի որոշումը համաձայնեցված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը նաև թվել է Սիրիայում ռուսաստանյան զինուժի ձեռքբերումները։ Շոյգուի զեկուցմամբ, Լաթաքիայից դուրս են մղվել ահաբեկիչները, վերականգնվել է հաղորդակցությունը Հալեպի հետ, Պալմիրան շարունակում է մաքրվել զինյալներից, վերաբացվել է Կվայրեսի ավիակայանը:
«Մեր օդուժի օգնությամբ, ընդհանուր առմամբ ազատագրվել է 400 բնակավայր, գրանցվել էական զարգացում ահաբեկչության դեմ պայքարում»,- եզրափակել է նախարարը:
Ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական ընկերության փորձագետները կարծում են, որ Սիրիայում ՌԴ գործողությունների հաջողությունը հնարավոր կլինի գնահատել միայն այն ժամանակ, երբ միջսիրիական կարգավորման վերաբերյալ Ժնևում կայանալիք բանակցությունների ընթացքում ստորագրվի որևէ համաձայնագիր:
«Զորքերի դուրսբերումը, որը կսկսվի մարտի 15-ին, նույն օրը, ինչ ՄԱԿ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցություններ կսկսվեն Ժնևում, կարող է բանակցային գործընթացում առաջխաղացման նշան լինել: Հարկ է հետևել վերահաս համաձայնագրի վերաբերյալ Ժնևից եկող բոլոր ազդանշաններին, որոնք կարող են ակնարկել պոտենցիալ մեծ գործարքի մասին»,- ասված է Stratfor-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ընդ որում, վերլուծաբանները պարզաբանել են, թե Ռուսաստանն ինչ է շահել Սիրիայում իրականացրած օդային գործողություններից: Ռուսաստանյան կողմը ցուցադրել ու փորձարկել է իր սպառազինությունները, որոնք շարունակաբար նշանակալի մոդերնիզացման են ենթարկվում, ինչը, իր հերթին, կարող է նպաստել զինամթերքի վաճառքի վերաբերյալ պայմանագրերի կնքմանը, մասնավորապես, Իրանի հետ:
Սիրիայում գործողությունների գլխավոր արդյունքներից մեկը, ըստ ամերիկյան կազմակերպության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ակտիվ երկխոսության վերականգնում էր: Մոսկվային ու Վաշինգտոնին, մասնավորապես, հաջողվեց համաձայնության գալ Սիրիայում փետրվարի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի վերաբերյալ:
Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն կարծում է, որ զորքերը դուրս բերելու վերաբերյալ «առաջին հայացքից զարմանալի թվացող» որոշումը պաշտոնական Մոսկվան չէր կարող ընդունել առանց ԱՄՆ-ի համաձայնության: «Եթե գործարքը ձախողվի, Մոսկվային ոչինչ չի խանգարում անհրաժեշտության դեպքում վերադարձնել զորքերը Սիրիա»,- նշում է Մալաշենկոն:
Forbes պարբերականի կայքում հրապարաված հոդվածում լրագրող Անդրեյ Կոլեսնիկովն ընդգծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը կապված է տարբեր քայլերի հետ, որոնցից մեկը հենց Սիրիայում ՌԴ ԶՈՒ իրականացրած օդային գործողությունն է: Սակայն «առանց պատերազմի տնտեսական ճգնաժամի ֆոնին բավականին բարդ է պահպանել բնակչության՝ երկրի համար առաջին անձի շուրջ համախմբվածության ու միավորվածության նախկին մակարդակը»:
«Ռազմական գործողությունների շարանը՝ ղրիմյան արշավից ու Ուկրաինայի հարավ-արևելքում պատերազմից մինչև Սիրիայի ռմբակոծում ու առևտրային հակամարտություն Թուրքիայի հետ, պետք է երկարաձգվի: Միայն այն պատճառով, որ տնտեսական հաջողությունների բացակայությունն այլևս ոչնչով հնարավոր չէ փոխհատուցել, չկան բնակչությանը Կրեմլի շուրջ համախմբելու այլ միջոցներ», – նշում է հոդվածագիրը:
Կոլեսնիկովի կարծիքով՝ վարկանիշը պահպանելու համար Պուտինը ստիպված կլինի «գտնել մեկ այլ աշխարհագրական գետ, որտեղ հնարավոր կլինի «վարպետություն ցուցադրել», այլապես «գործունեության հավանության» աստիճանը կարող է կտրուկ կրճատվել:
«Պետք է ինչ-որ բան մտածել. թեկուզ՝ համեստ զորավարժություններ Արկտիկայի շրջանում», – գրում է նա: