Մարտի 18-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է 2007 թվականին հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերացնել քննիչի և դատավորի՝ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը։ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, սակայն, համոզված է՝ «այս կարուսելը դեռ երկար է պտտվելու»։
«Հոգուս խորքում չեմ հավատում, հյուս չտվեց այս որոշումը: 2010 թվականին նույն այս կարուսելը պտտվել է, էսօր կասեցումը հանվեց, մյուս տարի կլինի էլի: Մենք էլի նույն դատարանում հայտնվելու ենք: Բայց իմ երեսը նրանց երեսից պինդ է, հասնելու եմ նրան, որ ինձ էլ գնդակահարեն, որ պրծնեն։ Բայց չեն պրծնելու, ինձանից պրծում չկա», – նիստի ավարտից հետո ասել է Գոհար Սարգսյանը:
Նիստին Սուրեն Օհանջանյանը դատարանին է ներկայացրել մի շարք փաստեր և հանգամանքներ, որոնց վրա, նրա պնդմամբ, փորձաքննության ժամանակ ուշադրություն չեն դարձրել:
Ըստ պաշտոնական վարկածի՝ Տիգրան Օհանջանյանի մահը վրա է հասել հոսանքահարման պատճառով: Մահացածի ծնողները դրան չեն հավատում, պնդում են, որ իրենց որդուն սպանել են։ Մարմնից հոսանքի ելքերից մեկը, պաշտոնական վարկածի համաձայն, եղել է զինծառայողի ոտքի բութ մատի տակի հատվածը:
Սուրեն Օհանջանյանը, սակայն, պնդել է, որ իր որդին ոտքի բութ մատի վնասվածք ստացել էր դեպքից դեռ երեք օր առաջ: Հայրը դատարանին է ներկայացրել զորամասի բուժկետի կողմից դեպքից երեք օր առաջ ցույց տրված բուժօգնության արձանագրությունը:
Դատական նիստի ավարտից հետո Գոհար Սարգսյանը պատմել է, որ որդու մահվանից մի քանի օր առաջ, երբ ինքը դեռ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում էր, խոսել է Տիգրանի հետ:
«Ձայնը շատ անհանգիստ էր, ոնց որ կռվից եկած լիներ: Ասաց՝ ոտքիս մատը ցավում է: Հենց այդ ժամանակ էլ որդիս ստացել է իր ոտքի վնասվածքը» ,- ասել է Սարգսյանը:
Դեպքից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելով՝ Սուրեն Օհանջանյանը պահանջել է արտաշիրիմում:
«Այն ժամանակ դատախազ Հարություն Հարությունյանն ասաց, որ դեմ է, որ իմ պաշտպան Սեդա Սաֆարյանը ներկա գտնվի այդ գործընթացին, այդ պատճառով էլ ես հրաժարվել եմ արտաշիրիմումից» ,- ասել է Օհանջանյանը:
Թերի փորձաքննության հաջորդ ապացույցը, ըստ Սուրեն Օհանջանյանի, այն է, որ դեպքի վայրի սխեման կազմելու ընթացքում չի նշվել, որ դրանից մի քանի մետր այն կողմ է գտնվում այն ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի թիկնապահերի սենյակը: Սակայն, Օհանջանյանի խոսքով, դա շատ կարևոր կետ է, որ չէր կարելի անուշադրության մատնել: Զինվորի հոր համաձայն, հենց Բաղմանյանն ու իր թիկնապահներն են կապված իր որդու սպանության հետ:
Տիգրան Օհանջանյանի դեպքի մասին՝ այստեղ